Փորձեմ
հետադարձ հայացքով գնահատականները տալ հակափաստարկները չունեցող հանրահայտ
միջադեպին և մինչ օրս շարունակվող զարգացումներին: Զարմանալի
զուգադիպությամբ՝ մի կողմում ՀԱԿ-ի երիտասարդներս ենք, մյուս կողմում՝
չընտրված իշխանության ներկայացուցիչները: ՀԱԿ-ի երիտասարդներս աննախադեպ
բռնություններով բերման ենթարկվեցինք ոստիկանական բաժանմունք: Այնտեղ
զրկվեցինք փաստաբան ունենալու իրավունքից: Ժամեր անց փաստաբանները մի կերպ
կարողացան ներս գալ: Տեղի ունեցավ ամենասարսափելին՝ փաստաբանները նույնպես
ենթարկվեցին բռնությունների:
Այո՛: Պետք է միջադեպին տրվեր քրեաիրավական
գնահատական: Անկասկած պիտի հարուցվեր քրեական գործ: ՀԱԿ երիտասարդներս և
մեր փաստաբանները քրգործով պետք է անցնեինք՝ որպես տուժողներ: Բայց, ինչպես
միշտ, գործի դրվեցին հին և խորթ մեթոդները: Քրեական օրենսգրքից շատ արագ
վերցվեցին 316 և 258 հոդվածները, իսկ մնացածն արդեն երևակայության և
նախկինում ձեռք բերված կեղտոտ փորձի հարց էր. ոստիկանները հերթով, կարգով,
շարքով, մեկ մարդու նման սկսեցին մեղադրական ցուցմունքներ տալ մեր դեմ:
Օգոստոս
ամսվա շոգ օր էր: Ոստիկանի քթից արյուն էր եկել: Արնահոսությունը դարձավ
ուղեղի ցնցում: Դե քիթ էր. քիթն էր արնահոսել: Ինչպե՞ս կարող էր, համաձայն
համապատասխան դատաբժկական փաստաթղթերի՝ քթի բազմաբեկոր կոտրվածք չդառնալ:
Բայց պարզ է, չէ՞, որ եթե ոստիկանը քթի բազմաբեկոր կոտրվածք ունենար, դա
արտաքինից էլ կերևար: Դատաբժիշկն այդ հարցն էլ էր լուծել՝ «քթի բազմաբեկոր
կոտրվածք առանց տեղաշարժի»:
Կարճ ասած՝ թղթեր էին սևացնում, որպեսզի մեզ
առաջադրված մեղադրանքը հնարավորինս հիմնավորված լինի: Քրգործի հիմքում
դրվեց մի բարի կենդանի, որը, սակայն, առանց դնչկալի էր:
Մի անգամ՝
դատական նիստերից մեկի ընդմիջման ժամանակ, նիստերի դահլիճում շան դրվագի
շինծու լինելու մասին փաստարկված, հիմնավորված ապացուցեցի դատախազին և
դատավորին, որ դա հորինված փաստ է: Դատախազն ինձ ասաց. «Լավ, հավատում եմ,
որ շուն չի եղել. հորինված է: Բայց հետագայում ոստիկանի քիթ ես կոտրել.
դատաբժշկի եզրակացություններ կան»:
Ինչևէ, հարգելի ընթերցող, եկեք
միասին դատարանում ապացուցված մի դրվագ վերլուծենք, ինչը կմերկացնի
իշխանությանը՝ իր ներկայացուցիչներով հանդերձ:
Խնդիրը հետևյալն է՝ միջադեպի պահին եղե՞լ է առանց դնչկալի շուն, կամ, առհասարակ՝ շուն:
Ունենք 2 կարևոր փաստ.
Ոստիկանի
զեկուցագիր, ով փաստում է, որ միջադեպից վայրկյաններ առաջ մի երիտասարդ
շան հետ ման էր գալիս «Խնկո-Ապոր» գրադարանի մոտ: Շունն առանց դնչկալի էր:
Իրեն զգուշացրել են, որ չի կարելի շանն առանց դնչկալի ման տալ, նա
ներողություն է խնդրել և երբ մի քանի քայլ հեռացել է, դրանից հետո մոտեցել
ենք մենք, վիճաբանել, ինչը վերածվել է խառնաշփոթ իրավիճակի և այլն:
Դատարանում
ցուցմունք տվեց շան՝ Ջոնիի տերը, ով մեր հարցադրումներին ի պատասխան՝
պնդեց, որ իրեն Կարապի լճի մոտ մոտեցել են 2 ոստիկան և նկատողություն արել
շան դնչկալի հետ կապված, և որ ինքը ներողություն է խնդրել, ապա՝ շան հետ
հեռացել: Մեր հարցին, թե վայրկյաններ անց որևէ միջադեպ նկատե՞լ է նույն
ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ, պատասխանեց, որ Կարապի լճի
մայթով իջել է դեպի Տերյան-Թումանյան խաչմերուկը, ետ շրջվել և քաշքշուկ
տեսել: Հարցին, թե ո՛ր մասում էր քաշքշուկը, ասաց՝ Կարապի լճի ափին՝
այնտեղ, որտեղ իրեն նկատողություն էին արել:
Հիմա տեսեք, թե ինչ է
ապացուցվում. Կարապի լճի ափին որևէ միջադեպ տեղի չի ունեցել. այն տեղի է
ունեցել դիմացի՝ «Խնկո-Ապոր» գրադարանի մայթին: Նույնիսկ հետագայում
միջադեպը Կարապի լճի կողմի մայթ չի տեղափոխվել: Դա իրենց ցուցմունքներով
հաստատել են նաև ոստիկանները՝ վկա, թե իբր տուժող: Ձեզ մոտ հարցեր պիտի
առաջանան ՝ նախ, ինչո՞ւ է հորինվել շան դնչկալի պատմությունը, երկրորդ՝
արդյոքմիայն շա՞ն պատմությունն է հորինված ամբողջ քրգործում. եթե այո, ապա
ի՞նչ նպատակով, եթե ոչ, ապա՝ էլ ո՞ր դվագն է հորինված:
Ես ունեմ
սպառիչ պատասխան. ինձ և իմ ընկերներին առաջադրված մեղադրանքներն ապացուցող
փաստերը սկզբից մինչև վերջ հորինված և հարմարեցված են իրենց պատվերներին:
Վկաներից մեկը՝ տաքսու վարորդը, ով մեկ ակնթարթ իր մեքենայով անցնելիս է
եղել, տեսել ու լսել է ամեն ինչ, ինչպես ինքն էր պնդում. նույնիսկ անունս է
հիշում, բայց դատարանում չկարողացավ իր մեքենայի գույնն ու
պետհամարանիշները հիշել: Դա ի՞նչ է նշանակում: Ինչու՞ են կեղծիքի հիման վրա
քրգործ հարուցել:
Ի դեպ, Ջոնին՝ առանց դնչկալի շունը, «լսեց» այս
պատմությունն ու որոշեց սատկել. չկա այլևս: Հանկարծամա՞հ եղավ: Չնայած՝
մտածել են՝ «Սրմենիկում»-ով ամբողջ աշխարհն ենք զարմացրել, ուր մնաց՝ առանց
դնչկալի Ջոնի-ով մի պստլիկ Հայաստան չկարողանանք զարմացնել:
Մարտի 1
տեսած ազգին դնչկալով կզարմացնե՞ս, երբ իշխանություններն ասում էին՝ 50
ժամից ավել տեսագրություններ կան Մարտի 1-ի դեպքերի հետ կապված: Չգիտես՝ ով
մեքենայի հետևից դուրս էր գալիս և կրակում ոստիկանների վրա: Բա ու՞ր է.
բացահայտե՞ց:
Մարտի 1-ին թափված արյան համար դեռ պատասխան չտված քո
մարդասպանները սպանեցին Վահե Ավետյանին: Ոչինչ էլ չի բացահայտվի, քանի դեռ
դու ես ՀՀ նախագահը, Սերժ Սարգսյան: Կարող ես ցմահ բանտարկել. մենք դրանից
չենք կաշկանդվում: Ոչ թմրամոլ ենք, ոչ՝ գող, ոչ՝ խուլիգան. ընդամենը առանց
զենքի պայքարում ենք զինված մարդասպանների դեմ:
Սիրուն չի, Սերժիկ:
Տիգրան Առաքելյան