Շաբաթ, 21.09.2024, 09:44
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Օգոստոս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Օգոստոս » 1 » Իսկ ե՞րբ էր իշխանությունը մոնոլիտ
18:25
Իսկ ե՞րբ էր իշխանությունը մոնոլիտ


Հայաստանի իշխանական մոնոլիտի տրոհվածությունը հաճախակի է հայտնվում հասարակական-քաղաքական քննարկումների առաջնային պլանում: Կան քաղաքական ուժեր, որոնք նույնիսկ փորձում են այդ տրոհումը վերագրել իրենց, ասելով, որ այն հենց իրենց տքնաջան քաղաքական հաշվարկի եւ իմաստուն համբերության արդյունք է:

Անշուշտ, հնարավոր չէ իշխանական համակարգի մոնոլիտի թեման ամբողջությամբ, կամ թեկուզ կիսով չափ արծարծել մեկ հրապարակման, մեկ ֆորմատի շրջանակում: Իշխող համակարգը Հայաստանում բավական բազմաշերտ է եւ տարողունակ, ու դրա անգամ կիսով չափ դիտարկման համար անհրաժեշտ են տարբեր հարթակներ:

Սակայն, ընդհանուր բնորոշում տալով մոնոլիտին, թերեւս արժե արձանագրել, որ Հայաստանում իշխանության մոնոլիտի տրոհման «դափնին» որեւէ սուբյեկտինը չէ, այլ ժամանակինն ու դրա բերած փոփոխություններինը: Ավելի ճիշտ, ժամանակն ու դրա բերած փոփոխությունները այդ մոնոլիտի տրոհվածությունը դարձնում են բացահայտ:

Բանն այն է, որ Հայաստանում իշխանական մոնոլիտ փաստացի չի էլ եղել: Ե՞րբ է Հայաստանում իշխանության բուրգը եղել մոնոլիտ: Մոնոլիտ բուրգի պայմաններում հազիվ թե 1995 թվականի խորհրդարանի ընտրությանը ՀՀՇ-ն գնար «Հանրապետություն» ապագաղափարական բլոկի ձեւավորման ճանապարհով վերարտադրվելու տարբերակին: Մինչդեռ գաղափարական խայտաբղետության այդ բլոկը ձեւավորվեց հենց իշխանության բուրգի ներսում առկա տարաձայնությունները հնարավորինս հավասարակշռելու համար:

Իշխանության մոնոլիտի տրոհվածության պայմաններում անցավ 1996 թվականի ընտրական գործընթացը, եւ միայն հետընտրական իրողությունը եւ իշխանությունը կորցնելու վտանգը ստիպեց իշխանությանը մի կողմ թողնել տարաձայնություններն ու միասնաբար չեզոքացնել Վազգեն Մանուկյանի ընտրազագվածի վտանգը:

1998 թվականը առավել վառ կերպով դրսեւորեց, թե ինչ «ամրակուռ» էր իշխանությունն իրականում: 1999 թվականի հոկտեմբերի 27-ն ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ անգամ 1998-ի իշխանափոխությունից ու 1999-ի «Միասնություն» բլոկից հետո Հայաստանում չէր հաստատվել մոնոլիտ իշխանություն:

Հաստատվե՞ց այն արդյոք 2000-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ չեզոքացնել Վազգեն Սարգսյանի շրջապատի իշխանական հավակնություններն ու տրոհեց Հանրապետականը՝ Անդրանիկ Մարգարյանին նշանակելով վարչապետ: Հազիվ թե, այլապես 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը չէր գնա եռակողմ կոալիցիա կազմելու տարբերակին եւ ՀՀԿ-ին չէր հակակշռի ՀՅԴ-ով ու ՕԵԿ-ով: Թեեւ եռակողմ այդ կոալիցիան իհարկե շատ ավելի բազմազան շահերի արտահայտում էր, քան զուտ այդ հակակշռումը:

Իշխանության մոնոլիտի տրոհման այսպես ասած նորագույն շրջանի մեկնարկը 2007 թվականն էր, երբ Ռոբերտ Քոչարյանն ինտենսիվորեն սնուցում էր Բարգավաճ Հայաստանը, որը պետք է խորհրդարանական մեծամասնության համար պայքարեր ՀՀԿ-ի դեմ:

2008 թվականին իշխանությունը միասնականացնող դեր խաղաց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի վերադարձը քաղաքականություն, ստիպեց իշխանությանը առժամանակ նահանջել 2007 թվականի իրավիճակից եւ միասնաբար պայքարել Տեր-Պետրոսյանի դեմ, թեեւ անգամ այդ պարագայում Ռոբերտ Քոչարյանն իր շահն էր հետապնդում, իսկ Սերժ Սարգսյանը՝ իր:

Լեւոն Տեր-Պետրոսյանի վտանգի առաջին ալիքի չեզոքացումից հետո Հայաստանի իշխանական բուրգը կրկին վերադարձավ «ելման դիրք» եւ մոնոլիտի տրոհվածությունը շարունակեց իր ընթացքը:

Այդպիսով, Հայաստանում իշխանական մոնոլիտ չի եղել երբեք: Այդ մոնոլիտը անկախ Հայաստանում առաջին ճաքը տվեց անկախության հետ մեկտեղ՝ 1991 թվականին, երբ ՀՀՇ-ից բաժանվեց Վազգեն Մանուկյանը, ու այդ ճաքը շարունակվում է մինչեւ օրս:

Պարզապես, քաղաքական ընդդիմությունը երբեք չի կարողացել օգտագործել այդ հանգամանքը եւ խաղալ իշխանական թեւերի հակասությունների եւ շահերի բախման վրա, այլ մշտապես դարձել է այդ խաղի մասն ու պարբերաբար վերածվել այն հարթակի, որի վրա իշխանության թեւերը ժամանակ առ ժամանակ հարթել են իրենց հակասությունները:

Հետեւաբար, ներկայումս իշխանության ներսում առկա վիճակը խոշոր հաշվով շատ քիչ է տարբերվում նախորդ տարիներին եղած վիճակից:

Ներկայումս իրավիճակը այլ է իշխանությունից դուրս, թե Հայաստանում, թե աշխարհում: Այդ իրավիճակը բաց խաղ է պարտադրում, քողարկումը դարձնում է բավական բարդ, քանի որ ինֆորմացիոն տեխնոլոգիաները աճել են սրընթաց: Միեւնույն ժամանակ, փոփոխվում են նաեւ միջազգային խաղի կանոնները, աշխարհակարգի նոր կանոններ են փնտրվում, փոխվում են իշխող էլիտաներին ներկայացվող պահանջները, ինչի արդյունքում էլ մեծանում է պատասխանատվության աստիճանը:

Այդ պայմաններում, եթե նախկինում իշխանությունը փորձում էր ամեն կերպ թաքցնել, քողարկել մոնոլիտի որեւէ տրոհման ամենափոքր նշանն անգամ՝ մտավախություն ունենալով, որ այն կընկալվի որպես իշխանության թուլություն, թուլացումը, եւ կքանդի համակարգն ամբողջությամբ, ապա այժմ իշխանությունը հասկանալով, որ մոնոլիտը թաքցնելն անհնար է, փորձում է այն ծառայեցնել իր շահին՝ որպես բաց, մրցակցային, ժողովրդավարական միտումների դրսեւորում:

Ակնհայտ է նաեւ, որ իշխանությունն առայժմ առավել արդյունավետ է կարողանում օգտագործել այդ տրոհվածության հանգամանքը, քան քաղաքական ընդդիմությունը: Թերեւս այն պատճառով, որ եթե իշխանության համար այդ տրոհվածությունը դարձել է միջոց, ընդդիմության համար այն ընդամենը հանդիսանում է միջոցներն արդարացնող նպատակ:


ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Категория: Քաղաքականություն | Просмотров: 296 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0