17:14 Վիճարկված բողոքները` 0%. Փաստաբանները բացատրում են գործադուլի պատճառները | |
545 փաստաբաններ այսօր գործադուլ են անում` ի նշան բողոքի ընդդեմ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից դրսևորվող կամայական գործելակերպի: Նախաձեռնող խմբի անդամ փաստաբանները այսօր հրավիրված հանդիպման ժամանակ փաստեր են ներկայացրել ապացուցելու, որ վճառաբեկ դատարանը շատ բողոքներ վերադարձնել է` առանց պատճառաբանելու իր որոշումը, խաղի ոչ միատեսակ կանոններ է ստեղծել, ինչը թույլ է տալիս խոսել կոռուպցիոն ռիսկերի մասին: Փաստաբան Կարեն Մեժլումյանն ասել է, որ ոչ թե վճռաբեկ բողոքներ քիչ են վիճարկվել, այլ 2008թ. այդ հնարավորությունը ստեղծվելուց ի վեր վիճարկված բողոքները կազմում են 0%: Փաստաբանի խոսքով` 2011թ. քրեական գործերից 1.1%-ն է միայն արդարացվել, մինչդեռ Մեծ Բրիտանիայում այդ ցուցանիշը կազմել է 25%, ԱՄՆ-ում` 29%, Եվրամիությունում` 20%: Քրեական դատարանում վճառբեկ բողոքներից վարույթ է ընդունել միայն մոտ 7%-ը, իսկ քաղաքացիական գործերից` միայն 10.4%-ը: Բողոքի նախաձեռնող հանձնախմբի անդամ Գևորգ Գյուզանյանը բերել է օրինակներ, երբ մի գործով ընդամենը մեկ ապացույց ուսումնասիրելու համար վճռաբեկը բեկանել է ստորին ատյանի որոշումը, սակայն մի այլ գործով, երբ ոչ մի ապացույց չի եղել, դատարանը մերժել է գործը վարույթ ընդունել ` այսինք կամ կամայականությամբ է շարժվել, կամ չի հիմնավորել իր որոշումը: Բողոքի փաստաթուղթը ստորագրած փաստաբանները պահանջում են վճռաբեկ դատարանից մերժումն էլ կատարել օրենքի համաձայն. նիստ գումարել, որի ներկաների մեծ մասը կողմ պետք է քվերակի մերժելուն, և կազմել արձանագրություն, ինչը չի արվում: «Վճռաբեկ դատարանը, մեր գործադուլի մասին իմանալով, հայտարարություն է տարածել` փորձելով ահաբեկել մեզ: Հայտատարել է, թե փաստաբանները կախյալ են: Մենք որևէ լծակ չունենք փաստաբանների բողոքին միանալ ստիպելու համար, նույիսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը որպես շարքային անդամ է մասնակցում բողոքին: Դատական համակարգը, սակայն, պետք է լինի հանդուրժող, ոչ թե նման «տղայական» պատասխան տա»,- ասել է փաստաբան Կարեն Մեժլումյանը: Փաստաբան Հարություն Բաղդասարյանն պարզաբանել է, որ քանի որ համաձայն ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի արդարադատությունը մեր երկրում պետք է իրականացվի դատարանի կողմից, ապա եթե դատարանը չի ընդունում վարույթ, ուրեմն իրականացվածը արդեն արդարադատութուն չէ: | |
|