Շաբաթ, 21.09.2024, 05:55
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 30 » Առաջադրվելու եմ, բայց առանց «դաբրոյի»
20:22
Առաջադրվելու եմ, բայց առանց «դաբրոյի»


Վանաձորում սեպտեմբերին սպասվող քաղաքապետի ընտրություններն ըստ ամենայնի ուշագրավ անակնկալներ կմատուցեն: Եթե Գյումրիում քաղաքապետացուների սղություն է նկատվում, ապա Վանաձորում քաղաքագլխի աթոռի համար արդեն բազմաթիվ հավակնորդներ կան: Շրջանառվող հավանական թեկնածուների անուններից կարծես պարզ է դառնում, որ իշխանությունն ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում վարկանիշ ունեցող կադրերի պակաս ունի (թերեւս այդ պատճառով որոշվեց ՀՀ երկրորդ քաղաքը՝ Սամվել Բալասանյանով, հանձնել ԲՀԿ-ին), հետեւաբար, իրական այլընտրանքի գոյության դեպքում իշխանական մեքենան այս անգամ էլ կարող է չգործել:

Ինչպես եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ վանաձորցիները պատգամավոր ընտրեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին, ով նույնպես որեւէ քաղաքական ուժի աջակցությունը չուներ: Վանաձորում բազմափորձ Դալլաքյանի հետ թեժ պայքարի արդյունքում Մարուքյանը դարձավ խորհրդարանական ընտրությունների «կինդեր սյուրպրիզը», քանի որ հնարավոր եղավ կոտրել այն կարծրատիպը, որ ընտրություններում միայն իշխող քաղաքական ուժի աջակցությունը վայելող եւ մեծ ֆինանսական ռեսուրսների տիրապետող անձը կարող է հաղթել:

Եվ ահա, Վանաձորի  քաղաքային ընտրություններին քաղաքացիական հասարակության ներկայացուցչի դերը կարող է ստանձնել կրկին երիտասարդ փաստաբան, Էդմոն Մարուքյանի ընկեր Կարեն Թումանյանը, ով արդեն հայտարարել է առաջադրվելու մասին: Նա քաղաքական որեւէ թիմի չի հարում: Սակայն Թումանյանին դժվար մրցակցություն է սպասվում: Քանի որ, չնայած ասում են, թե գործող ստաժավոր քաղաքապետ, հանրապետական Սամվել Դարբինյանի կրկին առաջադրմանը ՀՀԿ-ն մտադիր չէ դաբրո տալ, սակայն 1999 թվականից Վանաձորի քաղաքապետի աթոռին նստած Դարբինյանն ուզում է շարունակել քաղաքապետի իր կարիերան, ընտրվելու հարուստ փորձ ունի եւ Թումանյանի համար լուրջ մրցակից է:

Ի դեպ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւս, ըստ շրջանառվող լուրերի, հայտարարել է, որ Սամվել Դարբինյանին չի պաշտպանելու: Սա արդեն երկրորդ դեպքն է, որ մարզպետը դուրս է գալիս քաղաքապետի դեմ. առաջինը Գյումրին էր:

Որպես իշխանությունների աջակցությունը վայելող թեկնածուի՝ շրջանառվում է նաեւ Տարոն Ապրեսյանի (ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած Վահրամ Բաղդասարյանի եղբոր փեսան է) անունը: Ասում են՝ Ապրեսյանն էլ աջ ու ձախ հպարտանում է, թե «դաբրոյի» հարցերը լուծել է Վահրամ Բաղդասարյանը, ով ԱԺ ընտրություններին ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձավ: Մինչդեռ Բաղդասարյանը երեկ մեզ հետ զրույցում «հիմարություն» համարեց դա՝ նշելով, թե Ապրեսյանի առաջադրվելու հարցում ինքը բոլորովին անտեղյակ է: Ծնունդով վանաձորցի Բաղդասարյանն ասաց նաեւ, թե բոլորովին իրազեկ չէ, թե ՏԻՄ ընտրությունների մասով ինչ է կատարվում հայրենի քաղաքում: «Ես երկրում չէի, նոր եմ վերադարձել, շուտով կծանոթանամ իրավիճակին, սակայն հաստատ համոզված եղեք, որ Բաղդասարյանը որեւէ թեկնածուի չի առաջադրելու, պաշտպանելու է միայն ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին»,- վստահեցրեց նա:

Տեղական իշխանությունների նկատմամբ վանաձորցիների դժգոհությունների մասին հարցին էլ այսպես արձագանքեց. «Իսկ կա՞ իշխանություն, որից դժգոհ չեն, նույնիսկ Ֆրանսիայում է այդպես»: Ինչեւէ, առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ աշխատանքից ազատված բժիշկ, ՀՀՇ-ական Կարեն Ադամյանը, ով փորձում է ներկայանալ որպես ընդդիմության թեկնածու, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, սերտ հարաբերություններ ունի ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի հետ:

Վանաձորցիների զրույցների համաձայն՝ նա նաեւ լավ հարաբերություններ ունի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ: ԲՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել թեկնածուների հարցում, սակայն, որպես հավանական թեկնածուներ, շրջանառվում են Ստյոպա Այվազյանի եւ Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանի անունները: Որոշել է մասնակցել նաեւ «մշտական թեկնածու» Սեյրան Հարությունյանը (Կոմսի Սեյրան), ով գրեթե բոլոր ընտրություններին առաջադրվում է եւ ստանում մոտ 1800 քվե: Այնպես որ, ստեղծված իրավիճակից ակնհայտ է, որ իշխանությունը դեռ չի կողմնորոշվել, եւ դա նպաստավոր պայմաններ է ստեղծում փաստաբան Կարեն Թումանյանի համար: Մեր զրույցը վերջինիս հետ:

- Պարոն Թումանյան, գուցե Մարուքյանի նախադե՞պն է ոգեւորել Ձեզ առաջադրվելու հարցում:

- Մեծ հաշվով իմ առաջադրումը Մարուքյանի հետ կապ չունի՝ եւ ընտրությունների տեսակի, եւ մրցակցող ուժերի տեսանկյունից: Թեպետ շատերի անունն է շրջանառվում, բայց դեռեւս որեւէ թեկնածուի առաջադրման մասին հստակ տեղյակ չեմ եւ այս պահին չեմ կարող ասել, թե պայքարն ինչպիսին կլինի:

- Իսկ որեւէ ուժից աջակցություն խնդրե՞լ եք Ձեզ սատարելու համար:

- Որեւէ ուժի հետ ես չեմ քննարկել, կուսակցական պատկանելություն չունեմ եւ չեմ համագործակցել որեւէ կուսակցության հետ ու չգիտեմ՝ ինչ-որ ուժ կսատարի ինձ, թե ոչ:

- Իսկ կհրաժարվե՞ք որեւէ ուժի աջակցությունից:

- Չեմ քննարկել նման հարց, թեպետ պատրաստ եմ ցանկացածի հետ հրապարակային քննարկում անել, եթե դա Վանաձոր քաղաքին օգուտ կբերի: Իհարկե, ոչ այն համատեքստում, որ ես իմ թեկնածությունը հանեմ, կամ որ որեւէ կուսակցություն ինձ սատարի:

- Եթե Վանաձորի գործող քաղաքապետը կրկին առաջադրվի, ի՞նչ մեխանիզմներով եք պատրաստվում պայքարել նրա դեմ:

- Վանաձոր քաղաքում ես կներկայացնեմ իմ նախընտրական ծրագիրը, որտեղ ներկայացված կլինեն ինչպես խնդիրները, այնպես էլ դրանց լուծման առաջարկները: Այսինքն՝ միմիայն առողջ մրցակցության պայմաններում: Համենայնդեպս չեմ պատրաստվում որեւէ մեկի նկատմամբ սեւ փիառի տարրեր օգտագործել:

- Որպես վանաձորցի, կարծում եք ներկա կուրսի փոփոխության պահանջ կա՞ քաղաքում:

- Բոլոր բնագավառներում փոփոխության անհրաժեշտություն կա, նկատի ունեմ Վանաձոր քաղաքի, եւ մշակույթ եւ այլն:

- Մարուքյանը Ձեր ընկերն է, ով արդեն պատգամավոր է, կապեր ունի, հնարավո՞ր է հույս ունեք իր միջոցով Ձեր ճանապարհը հարթել իշխանությունների մոտ:

- Բարեխոսելու անհրաժեշտություն չկա, Մարուքյանն իմ ընկերն է եղել եւ կմնա, բայց խոսքը մեր քաղաքի մասին է, որտեղ փոփոխություններ անելու անհրաժեշտություն կա:

- Վանաձորում հայտնի մարդկանց՝ Վիկտոր Դալլաքյան, Վահրամ Բաղդասարյան, ազդեցություն կա՞, Դուք դա հաշվարկե՞լ եք:

- Ես կարծում եմ՝ հասարակության ուժն է ամենաազդեցիկը, համենայնդեպս Վանաձորում այդպիսին է, եւ մենք բոլորս դա տեսանք:



Категория: Քաղաքականություն | Просмотров: 237 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0