14:53 Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում վտանգավոր էր կյանքի համար | |
18 քաղաքապետերից 5-ը գնդակահարվեց, մեկն ինքնասպան եղավ, մեկը վտարվեց երկրից, մյուսը մահացավ բանտում… Երևանի քաղաքապետի պաշտոնը նախկինում բավականին վտանգավոր էր կյանքի համար: Երևանի տեղական ինքնակառավարման պատմությունը սկսվել է Ցարական Ռուսաստանի կազմում: Կա նույնիսկ հստակ ամսաթիվ` 1879 թվականի հոկտեմբերի մեկը, երբ կայսր Ալեքսանդր երկրորդի հրամանագրով Երևանը պաշտոնապես դասվեց կայսրության քաղաքների շարքը: Ռուսական մյուս քաղաքների նմանությամբ ընտրվեց առաջին քաղաքային Դուման` այսօրվա Ավագանու նախատիպը: Մինչ 1917 թվականը Երևանն ունեցավ 9 քաղաքագլուխ` Ղորղանյան, Գեղամյան, Տիգրանյանց, Բունիաթյան, Տեր-Սարգսյան, Իսահակ, այնուհետ` Հովհաննես Մելիք-Աղամալյան եղբայրներ, Տիգրանով, Խաչատուրյանց: Նրանց օրոք Երևանը սկսեց քաղաք դառնալ: Բացվեցին գործարաններ, առաջին հյուրանոցը, հիվանդանոցը, առաջին հիդրաէլեկտրակայանը, բանկը, անցկացվեց մարդահամար, շահագործվեցին ջրմուղը, հեռախոսային ցանցը, կառուցվեցին մինչ օրս կանգուն շինություններ` օրիորդաց ու արական վարժարանները, առանձնատներ և այլն: Հայաստանի Առաջին Հանրապետության երկու տարիները թողեցին Երևանի քաղաքապետի երկու անուն. Թադևոս Թոշյան, որին 1922 թ-ին խորհրդային իշխանությունները վտարեցին երկրից, և Մկրտիչ Մուսինյանց, որ պաշտոնը թողեց 1920 թվականի նոյեմբերի 27-ին: Ընդամենը 1 շաբաթ անց բոլշևիկների կազմած Երևանի Հեղկոմի նախագահ նշանակված Հրանտ Թավաքալյանը 3 ամիս մնաց պաշտոնում և 4 տարի անց ՉէԿա-ի կողմից մեկուսացվեց, 20 օրով նրան փոխարինեց Գևորգ Սարգսյանը, մեկ ամսով` Բենիամին Սահակյանը, երկուական ամսով` Հայկ Ազատյանն ու Ռուբեն Սաֆրազբեկյանը և այլն: Վախեցնող վիճակագրություն Երկրորդ համաշխարհայինից հետո եկավ երկարակյաց քաղաքապետերի ժամանակաշրջանը /բացառությամբ Հրանտ Ենգիբարյանի, որն ինքնասպան եղավ` ընդամենը 40 օր աշխատելով/: Ռեկորդակիրը Գրիգոր Հասրաթյանն էր, որը Երևանի առաջին դեմքն էր 13 տարի, Մուրադ Մուրադյանը` 10: Գորբաչովյան Պերեստրոյկան` 85-89 թթ բաժին ընկավ Էդուարդ Ավագյանին, Ազգային զարթոնքի շրջանը` 89-90, Արտաշես Գեղամյանին: Նրանով էլ ավարտվեց Խորհրդային Հայաստանի խորհրդային մայրաքաղաքի քաղաքապետերի երթը: Անկախության քաղաքապետերը Մայիսի 31-ին մենք ընտրելու ենք Երևանի Ավագանին, որն իր հերթին կընտրի 53-րդ քաղաքապետին` Հայաստանի երրորդ Հանրապետության մայրաքաղաքի առաջին ընտրովի քաղաքապետին: Այս քաղաքապետը ևս ինչ-որ տեղ հոբելյանական է լինելու, քանի որ Երևանի առաջին քաղաքապետի ընտրությունից անցել է ուղիղ 130 տարի: Երեւանի Ավագանու Ընտրություններ "Ա1+”-ի նոր էջը արդեն գործում է: Թեկնածուների, կուսակցությունների, քարոզարշավի եւ ընտրական մյուս մանրամասները կաևդացեք մեր նոր էջում: Շնորհակալ կլինենք, եթե կիսվեք նաեւ ձեր տեսակետով, կարծիքներով, մեկնաբանություններով, դիտողություններով… | |
|