Շաբաթ, 21.09.2024, 05:42
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 10 » ՀՀԿ-ն ընտրություններում պարտվել է
19:06
ՀՀԿ-ն ընտրություններում պարտվել է

Այս կիրակի ՀՀ տարբեր մարզերի 16 համայնքներում տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում, այնուամենայնիվ, անակնկալներ են արձանագրվել: Անակնկալներն արտահայտվել են ընտրություններում մի քանի համայնքների հանրապետական գյուղապետերի պարտությամբ:

Մասնավորապես, Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ղեկավարի ընտրություններում ՀՀԿ-ական գործող գյուղապետ Հովհաննես Անդրեասյանի օգտին քվեարկել է 530 հոգի, իսկ անկուսակցական Վահրամ Հարությունյանը ստացել է 869 քվե: Լոռու մարզի Խնկոյան գյուղում էլ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Վարուժան Համբարձումյանն իր պաշտոնից հրաժարվելու է ընդամենը երկու ձայնի պատճառով, քանի որ ինքն ստացել է 65, իսկ նրա մրցակից, անկուսակցական Արթուր Ղազարյանը` 67 քվե: Մի քանի համայնքներում ՀՀԿ-ի գործող գյուղապետերը իրենց պաշտոնները պահպանել են հին եւ փորձված ձեւով, նրանք քվեաթերթիկում նշված միակ թեկնածուներն են եղել: Մասնավորապես, նման ձեւով վերընտրվել են Վայոց Ձորի մարզի Գետափ, Արմավիրի մարզի Ջրարբի եւ Լոռու մարզի Սարչապետ գյուղերի հանրապետական գյուղապետերը:

Այս ընտրություններում եւս եղել են դեպքեր, երբ մեկ գյուղապետի պաշտոնի համար երկու կամ ավելի կուսակիցներ են պայքարել: Մասնավորապես, Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում գյուղապետի պաշտոնի համար պայքարել են համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ական Գեւորգ Դանիելյանը եւ նրա կուսակից, ոչ մի տեղ չաշխատող Լավրենտ Մարտիրոսյանը: Ի վերջո, գյուղապետի պաշտոնը բաժին է հասել առաջինին: Արմավիրի մարզի Փշատավան համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարող երեք թեկնածուներից երկուսը` գործող գյուղապետ Ռաֆիկ Ստեփանյանը եւ էլեկտրական ցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի աշխատակից Վահան Ալեքսանյանը եւս ՀՀԿ-ականներ են: Այստեղ եւս հաղթել է հանրապետական գործող գյուղապետը:

Բյուրեղավանի քաղաքապետի պաշտոնի համար եւս կուսակիցներ են պայքարել` այն էլ` երեք հոգի, երեքն էլ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Բյուրեղավանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել են գործող քաղաքապետ Հակոբ Բալասյանը, Աբովյանի քաղաքապետարանի աշխատակից Էդիկ Պողոսյանը եւ ոստիկանության Աբովյանի անձնագրային բաժնի նախկին պետ Գարեգին Սարգսյանը: Ընտրություններում հաղթել է Բյուրեղավանի գործող քաղաքապետ Հակոբ Բալասանյանը: Աբովյանում շրջող լուրերի համաձայն, Գարեգին Սարգսյանն իր նախկին` անձնագրային բաժանմունքի պետի պաշտոնից հրաժարական է տվել հատուկ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար: Փաստորեն, նա կորցրել է հին պաշտոնը, իսկ նորը` քաղաքապետի աթոռը, չի կարողացել ձեռք բերել:

Բյուրեղավանից բացի, ԲՀԿ-ական թեկնածու էր առաջադրվել նաեւ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղում: Այստեղ ԲՀԿ-ական գործող գյուղապետ Արտյոմ Շաբոյանը եղել է միակ թեկնածուն եւ վերընտրվել է իր պաշտոնում:

Այս ընտրություններում արձանագրվել է նաեւ գյուղապետի պաշտոնը «ժառանգաբար» ստանձնելու դեպք: Մասնավորապես, Արագածոտնի Վերին Սասնաշեն համայնքի նախկին ղեկավար Արարատ Պողոսյանն այս տարվա ապրիլին մահացել է: Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում Վերին Սասնաշենի գյուղապետի պաշտոնի միակ հավակնորդը եղել է նախկին, հանգուցյալ գյուղապետի որդին` Անդրանիկ Պողոսյանը, որը մի քանի օրից կստանձնի իր հոր պաշտոնը:

Չնայած, մի քանի համայնքներում գործող հանրապետական գյուղապետերն անկուսակցականներին են պարտվել, սակայն, ըստ փորձագետների, նրանց անկուսակցական գործունեությունը շատ երկար չի տեւի, եւ շուտով նրանք նույնպես կհամալրեն հանրապետական գյուղապետերի շարքերը, հակառակ դեպքում` նրանց ուղղակի կզրկեն աշխատելու հնարավորությունից:

Վահագն Հովակիմյան

Категория: Քաղաքականություն | Просмотров: 232 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0