Շաբաթ, 21.09.2024, 05:53
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 25 » Ինչպես ԲՀԿ-ն որոշեց մնալ ընդդիմադիր
23:38
Ինչպես ԲՀԿ-ն որոշեց մնալ ընդդիմադիր


«Ժառանգություն»-«Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների միջեւ փոխհրաձգությունը կրկին նոր թափ է առել, որը սկիզբ էր առել մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում, երբ «Ժառանգությունը» չմիացավ ընտրությունների ընթացքը վերահսկելու նպատակով ստեղծված միասնական շտաբին: Մի ինչ-որ շրջան հարաբերական անդորր էր, եւ հույս կար, որ խորհրդարանական չորս կուսակցությունները, որ չէին մտել կոալիցիա, կարող են համագործակցել եւ ոչ թե պատերազմել: Բայց հարաբերական անդորրը խախտվեց, երբ «Հարսնաքարի» գործով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նպատակով  ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» կուսակցությունների նախաձեռնած ստորագրահավաքը տապալվեց: ԲՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Զոհրաբյանը, իրենց «գերանը» թողած, ուրիշի «աչքի փշի» մասին շտապեց աղաղակել՝ «անպարկեշտ» որակելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ստորագրահավաքին չմիանալու առիթով բերված պատճառաբանությունը:

Հիշեցնենք՝ Րաֆֆիի պարագայում նախ կուսակցությունից հայտարարեցին, որ իրենց ղեկավարը Հայաստանում չէ, եւ քանի որ ստորագրության առկայությունը համապատասխան փաստաթղթում տեխնիկական հարց է, խոստացան, որ դա կլինի առաջիկա ժամերին: Ժամեր անց հայտարարեցին, թե քանի որ Րաֆֆին ԿԸՀ-ից դեռ չի վերցրել պատգամավորական մանդատը, հետեւաբար պատգամավոր չի համարվում եւ չի կարող ստորագրել ձեւաթղթի տակ: Նման պայմաններում «Ժառանգությունը» չէր կարող զսպել կրքերը եւ ԲՀԿ-ին իր տեղը ցույց չտալ:

«Ժառանգության» անդամներն էլ իրենց հերթին տապալված նիստի համար սկսեցին մեղադրել ԲՀԿ-ին ՝ փաստարկելով, որ 37 պատգամավորներից միայն 7-ը միացավ ստորագրահավաքին: Այստեղից էլ սկիզբ առավ «մարտեր՝ առանց կանոնների» մրցաշարի հաջորդ ռաունդը: Եվ հիմա հատկապես ԲՀԿ-ական պատգամավորներն իսկական արշավ են սկսել «Ժառանգության» եւ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ ու բավականին բուռն ու կարծես խանդով են ընդունում Սերժ Սարգսյանի հետ «խաղեր տվող» «Ժառանգությանը»:

Եթե խորհրդարանական ընտրություններին Րաֆֆին եւ թիմակիցները, չհավատալով ԲՀԿ-ի ընդդիմադիր լինելուն կամ, ինչպես չարախոսներն էին արտահայտվում՝ Սերժ Սարգսյանի հետ «խաղեր տալու» արդյունքում հակաքարոզչություն էին սկսել ԲՀԿ-ի դեմ, իսկ վերջինս, ընդունելով նախընտրական խաղի կանոնները, հակադարձում էր, ապա հիմա խնդիրը մի փոքր այլ է: Ներկայումս մեծ հաշվով վեճի թեմա կարծես թե չկա, եւ նախագահական ընտրությունների մեկնարկն էլ դեռ տրված չէ: Չնայած դրան՝  ԲՀԿ-«Ժառանգություն» վեճը հասնում է իսկական զավեշտի:

Արդեն մի քանի օր է, կարծես ուղղորդված, ԲՀԿ-ական պատգամավորներն իրենց սիրելի կայքերում հարցազրույցներ են տալիս՝ ընդգծելով, որ ԲՀԿ-ն այսուհետ չի միանա այն նախաձեռնություններին, որոնց կմիանա կամ որտեղ կլինեն «Ժառանգության» անդամները:

Ինչն է նման թշնամության եւ համակեցությունից հրաժարվելու պատճառը: Երեկ զրուցեցինք երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ փորձելու հասկանալ խնդրի իրողությունը: «Արտահերթ նիստի տապալումից հետո կրկին սկիզբ առած այս հակամարտությունը հեռանկարային չէ ոչ «Ժառանգության», ոչ առավել եւս ԲՀԿ-ի համար, որովհետեւ դրանից հետո չքննարկել, թե ինչպես անել, որ հաջորդ անգամ նման բան չկրկնվի, եւ կամ ինչպես անել նոր  նիստ հրավիրել, այլ փոխարենը լեզվակռվի բռնվել, փորձել քաղաքական դաշտում միմյանց մեկուսացնել, կարծում եմ՝ որեւէ լավ հեռանկար չի խոստանում ոչ մեկին, առավել եւս՝ ԲՀԿ-ին, երբ իրենք են բարձրաձայնել այդ մասին»,- մեզ հետ զրույցում նկատեց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Նա բացատրություն չուներ, թե ինչն է փոխհրաձգության պատճառը, ավելին՝ այն համոզման է, որ դրանք «պահային» դրսեւորումներ են: «Ուզում եմ հավատալ, որ սա ուղղակի պահային դրսեւորումներ էին, որոնք լինում էին եւ կարող էին լինել տարբեր կուսակցությունների հարաբերություններից: Իսկ եթե դա շարունակվի, պետք է հասկանալ, թե որն է այդ քաղաքականության թիրախը»,- ասաց նա՝ հավելելով, որ «եթե շարունակական լինի այս գործելաոճը, ապա այս դեպքում գործ կունենանք քաղաքական կուրսի հետ»: ԲՀԿ-ականների հայտարարություններին, թե որեւէ նախաձեռնության, որին կմիանան նաեւ «Ժառանգության» անդամները, իրենք այսուհետ կբոյկոտեն, Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Ինձ համար ընկալելի չէ, քաղաքական չէ նման հայտարարությունը, որովհետեւ ի՞նչ է նշանակում՝ եթե վաղն Արցախի ճանաչման հրամայականը լինի, եթե «Ժառանգության» ստորագրությունը լինի այդ փաստաթղթի տակ, հիմա ի՞նչ՝ ԲՀԿ-ն այդ քայլը չի՞ անելու միայն այն պատճառով, որ «Ժառանգության» իր համար չսիրված մարդկանց ստորագրությունները կան: Ես կարծում եմ, որ սա ճանապարհ չէ, մանավանդ նման բացարձակ հայտարարություն անել այն պարագայում, երբ խոսքը կարող է  վերաբերել պետությանը եւ հասարակությանը»:

Դիտարկմանը, թե գուցե ԲՀԿ-ն միտումնավոր տարավ դեպքերի նման զարգացման, որպեսզի առավել հեռու կանգնի ընդդիմադիր գործընթացներից,  Սաֆարյանը պատասխանեց. «Ես նորից եմ կրկնում՝ դրանից ոչ մի կողմն էլ չի շահում: Անհասկանալի կլինի, թե ինչու քաղաքական ուժը կամ քաղաքական ուժերը ձեռնպահ են մնում լուծել պետության եւ հասարակության առջեւ ծառացած խնդիրները՝ միայն այն բանի համար, որ միմյանց չեն սիրում, եւ հետագայում կարող է նմանվել «մահանայի»՝ այս կամ այն նախաձեռնությանը չմիանալու համար»: Իսկ ԲՀԿ-ի՝ իրենց ուղղված հիմնական մեղադրանքներին, թե «Ժառանգությունը» կառավարվող ուժ է եւ խաղեր է տալիս Սերժ Սարգսյանի հետ, Սաֆարյանը չհակադարձեց, այլ պարզապես ասաց. «Փառք Աստծո, «Ժառանգությունը» քաղաքական դաշտում այն կուսակցությունն է, որը որեւէ նախագահի հետ կապ չունի եւ այսքանով անկառավարելի է: Որը երեք նախագահների եռանկյունուց դուրս է, բայց քննադատության է արժանանում միաժամանակ երեքի կողմից, դա նշանակում է, որ այդ ուժն անկառավարելի է բոլորի համար»:

Մինչդեռ ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, «Ժառանգությունն» է փորձում ԲՀԿ-ին վիրավորել՝ «ինչ-ինչ նկատառումներից ելնելով», եւ ամենեւին փոխհրաձգություն չկա: Թե որոնք են այդ նկատառումները, Ուրիխանյանը չցանկացավ խոսել, ասաց՝ «Ժառանգությանը» հարցրեք: «Որտեղ որ կա կոնկրետ արդյունք ապահովելու ցանկություն, միտում, հեռանկար, «Ժառանգությունը» չի մասնակցում, որտեղ որ ի սկզբանե պրովոկացիայի հոտ առաջացնող քայլեր են եւ ի սկզբանե դատապարտված են տապալման, «Ժառանգությունը» կարծես թե խելքը գցում է, որ այլ քաղաքական ուժերը դրանով զբաղվեն: Ո՞ւմ է ինչ ուզում ապացուցել,- նկատեց Ուրիխանյանը՝ հավելելով:- Մենք խուսափում ենք անձնական վիրավորանքներ հասցնելուց, կուսակցության հասցեին որակումներ տալուց, երբ որ կառավարվող տպավորություն ենք ստանում, հայտնում ենք դրա մասին, եւ դա վիրավորական չէ: Ես կուզեի, որ նրանք զբաղվեին գործով եւ ոչ թե ձեւականություններով եւ հեռու մնային ԲՀԿ-ից, ինչ-որ սեփական նկատառումներից ելնելով, ցանկություններ հրամցնելուց»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ականների վերջին հայտարարություններից ակնհայտ է, որ դուք չեք միանա ընդդիմադիր նախաձեռնություններին, Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Թող «Ժառանգության» ղեկավարը հլը մի հատ միանա իրենց նախաձեռնություններին… Բանուգործը թողած՝ «Ժառանգությունը» սեւեռվում է ԲՀԿ խմբակցության պատգամավորների առօրյայի, հանգստանալ-չհանգստանալու, կենսակերպի, իրավունքներ են վերլուծում, վերծանում, վերարտադրում են իրականությունը սեփական հայեցողությամբ»:

Պարզ է մի բան. ԲՀԿ պատգամավորական կորպուսի ներկայացուցիչներն այս կարճ ժամանակահատվածոմ հասկացան, որ հնարավոր չէ լինել կիսաընդդիմադիր, քանի որ իշխանության համար անհաճո ցանկացած  նախաձեռնության միջոցով իրենց շատ հեշտ է «ծակել», այսինքն՝ ցույց տալ, որ ԲՀԿ-ն ամենեւին էլ ընդդիմություն չէ: Բայց ինչպես անել, որ  ԲՀԿ-ն շարունակի ընդդիմադիր համարվել եւ կարողանա քաղաքապետի թեկնածուներ համաձայնեցնել նախագահականի հետ: Ահա այս բարդ եւ անլուծելի թվացող խնդրի լուծման շրջանակներում ԲՀԿ խելոք գլուխներում ծագեց մի փառահեղ հնարք՝ հայտարարել, որ որտեղ կլինի «Ժառանգությունը», այնտեղ իրենք չեն լինի:

Եվ քանի որ «Ժառանգությունը» կմիանա բոլոր ընդդիմադիր նախաձեռնություններին, ապա ԲՀԿ-ն դրանց չի միանա: Չի միանա ոչ թե այն պատճառով, որ ընդդիմադիր չէ կամ դեմ է այդ նախաձեռնություններին, այլ՝ «Ժառանգության» ինադու: Ինչպես հասկանում եք, փայլուն մտահղացում է: Մեզ մնում է մաղթել, որ ԲՀԿ-ում նման մտահղացումներ հնարավորինս շատ լինեն, եւ որ  դրանք անարգել իրականանան:

Категория: Քաղաքականություն | Просмотров: 220 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0