Շաբաթ, 21.09.2024, 06:15
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 2 » Իրո՞ք արտահանումը առաջանցիկ տեմպերով է աճում
13:52
Իրո՞ք արտահանումը առաջանցիկ տեմպերով է աճում


Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անընդհատ արծարծվում էր Հայաստանից արտահանման ծավալների աճի հարցը:

Իշխանության ներկայացուցիչները ասում էին, որ պետք է զարգացնել մեր տնտեսության արտահանելի ճյուղերը, դիվերսիֆիկացնել արտահանումը եւ այլն, եւ այսպես շարունակ: Ու որպես գործող կառավարության արձանագրած հաջողություն` մատնանշվում էր «արտահանման տեմպերի առաջանցիկ աճը»: Այսինքն, արձանագրվում էր, որ արտահանումը ավելի մեծ տեմպերով է աճում, քան ներմուծումը: Եւ առաջին հայացքից դա իրողություն է: Օրինակ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսներին արտահանվել է 561.6 միլիոն դոլարի ապրանք, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 487.5 միլիոն դոլարի ապրանք: Այսինքն, արտահանման ծավալը աճել է 74.1 միլիոն դոլարով, որը 15.2 տոկոսով ավելի է, քան անցած տարի: Իսկ ներմուծումը աճել է 7.1 տոկոսով:

Այսինքն, առաջին հայացքից ստացվում է, որ արտահանման ծավալների աճի տեմպը երկու անգամ գերազանցում է ներմուծման աճի տեմպին: Ուրեմն` ի՞նչ, իրո՞ք արտահանումը առաջանցիկ տեմպերով է աճում: Ցավոք` ոչ: Խնդիրն այն է, որ այս տարվա սկզբին Հայաստանում ձեւակերպված մի ինքնաթիռ հանվել է հաշվառումից եւ հաշվառվել մեկ այլ երկրում: Իսկ այդ ինքնաթիռի գինը 50 միլիոն դոլար է: Ազգային վիճակագրական ծառայությունը վերցրել է ու սա ձեւակերպել որպես արտահանում: Այսինքն, դա մեր տնտեսության հետ ոչ մի կապ չունի: Ու բնական է, մեր արտաքին առեւտրի վիճակը ճիշտ գնահատելու համար այդ ինքնաթիռի «արտահանումը» չպետք է հաշվի առնել: Այդ դեպքում կստացվի, որ անցած տարվա առաջին հինգ ամիսների համեմատ` այս տարի արտահանման ծավալը աճել է ընդամենը 24 միլիոն դոլարով: Այդ դեպքում կստացվի, որ արտահանման ծավալը, անցած տարվա համեմատ, աճել է ընդամենը 4.5 տոկոսով: Եւ ուրեմն` ի՞նչ ստացվեց: Ստացվեց, որ արտահանումը աճել է 4.5 տոկոսով, ներմուծումը` 7.1 տոկոսով: Այսինքն` ստացվեց, որ չստացվեց «առաջանցիկ աճ»:
Բայց այսքանով խնդիրը ամբողջությամբ չի պարզաբանվում: Կա մի ուշագրավ հանգամանք, որը մեր արտաքին առեւտրի իրական վիճակը պատկերացնելու համար նույնպես չի կարելի հաշվի չառնել: Անցած տարվա առաջին 5 ամիսներին մեկ դոլարի միջին գինը, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 369 դրամ: Այս տարվա նույն ժամանակահատվածում` 391 դրամ: Այսինքն, այս մեկ տարվա ընթացքում դրամը արժեզրկվել է մոտ 6 տոկոսով: Իսկ ազգային արժույթի արժեզրկումը, ինչպես հայտնի է, ձեռնտու է արտահանողներին եւ ոչ ձեռնտու` ներմուծողներին: Այսինքն, արտահանողները ստացել են արտահանման ծավալները մեծացնելու լրացուցիչ խթան, իսկ ներմուծողները` լրացուցիչ խոչընդոտ: Եւ այս պայմաններում ներմուծումը ավելի մեծ տեմպերով է աճում, քան արտահանումը:

Իսկ սա խաղուպար չէ: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա առաջին 5 ամիսներին կազմել է մոտ մեկ միլիարդ 160 միլիոն դոլար, անցած տարվա մեկ միլիարդ 78 միլիոն դոլարի փոխարեն: Այսինքն, մենք մեկ միլիարդ 160 միլիոն դոլարով ավելի ապրանք ենք ներմուծում, քան արտահանում ենք: Իսկ սա էլ նշանակում է, որ ընդամենը 5 ամսվա ընթացքում միայն արտաքին առեւտրի մասով Հայաստանից արտահոսել է 1 միլիարդ 160 միլիոն դոլար: Տարվա կտրվածքով` այս թիվը կհասնի մոտ 3 մլրդ դոլարի: Այսինքն, առավելագույնը 3 միլիոն բնակչություն եւ մոտ 2.5 մլրդ դոլար բյուջե ունեցող ՀՀ-ն 3 միլիարդ դոլարով ֆինանսավորում է այլ երկրների տնտեսությունները: Իսկ սա նշանակում է, որ յուրաքանչյուր հայաստանցի տարեկան միջինը հազար դոլարի ներդրում է անում այլ երկրների տնտեսությունների մեջ: Յուրաքանչյուր հայկական ընտանիք տարեկան միջինը 4 հազար դոլար է ներդնում այլ երկրների տնտեսությունների մեջ` դրա դիմաց չստանալով ոչինչ: Ընդ որում, տարեցտարի այդ «ներդրման» ծավալը աճում է:

Հայկ Գեւորգյան

Категория: Տնտեսություն | Просмотров: 218 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0