Շաբաթ, 21.09.2024, 05:52
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 10 » Նախագահի հարցը հետաձգել են
19:03
Նախագահի հարցը հետաձգել են

Չորս օր շարունակ Վանաձորի «Լոռի» հանգստյան տանը փակված` դաշնակցականները Գերագույն ժողով էին անում: Երեկ արդեն նրանց ժողովը տեղափոխվել էր Երեւան:

ՀՅԴ նորընտիր ԳՄ-ն մի քանի ժամ էլ այստեղ ժողով արեց: Ինչպես երեւում է, ժողովն իսկապես թեժ է եղել, թեեւ երեկ տարածած հայտարարության մեջ հատուկ շեշտված էր. «Ժողովն ընթացավ միասնականության եւ համախմբվածության մթնոլորտում»: Երեկ ողջ օրը ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում էին որեւէ մանրամասն ներկայացնել ժողովից: Անգամ նորընտիր Գերագույն մարմնի մասն էին գաղտնի պահում: Այդուհանդերձ, մեզ հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել: Մասնավորապես, ՀՅԴ-ն որոշել է մեծացնել Գերագույն մարմնի կազմը` ինը հոգուց դարձնելով 11 հոգանոց: Հիմնավորումը հետեւյալն է. առջեւում երեք ընտրություն կա` ՏԻՄ, նախագահական, Երեւանի ավագանու, եւ անհրաժեշտ է դրանց լրջորեն նախապատրաստվել: Ըստ դաշնակցական մեր աղբյուրների, ԳՄ կազմում են ընդգրկվել նաեւ Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: Իսկ ընդհանուր առմամբ, ԳՄ կազմում շատ լուրջ փոփոխություններ չեն եղել, թեեւ, հաշվի առնելով ՀՅԴ-ի ներսում եղած հակասություններն ու կուսակցության ղեկավար կազմից շարքայինների դժգոհությունները, ենթադրվում էր, որ ղեկավար կազմում էական փոփոխություններ կլինեն: «Ի հեճուկս մամուլի կանխատեսումների, ԳՄ կազմում լուրջ փոփոխություններ չեն եղել, սովորականի նման` մի մասը մնացել է, նոր մարդիկ էլ կան»,- ասաց ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը` կտրականապես հրաժարվելով մեր որեւէ այլ հարցի պատասխանել: Մեր աղբյուրները հայտնում են, որ ԳՄ կազմում է ընդգրկվել նաեւ Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը: Իսկ երեկ նորընտիր ԳՄ առաջին նիստում Գերագույն մարմնի անդամ է վերընտրվել ԱԺ դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հիշեցնենք, ՀՅԴ նախկին 9 հոգանոց ԳՄ անդամներն էին Արմեն Ռուստամյանը (ներկայացուցիչ), Սպարտակ Սեյրանյանը, Արա Նռանյանը, Հրաչ Թադեւոսյանը, Միքայել Մանուկյանը, Հայրապետ Բաբայանը, Սիմոն Սիմոնյանը, Արսեն Համբարձումյանը, Թաթուլ Հարությունյանը: Ըստ որոշ տեղեկությունների, նոր ԳՄ կազմում չի ընդգրկվել ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը: Պատճառը, թերեւս, վերջինիս զբաղվածությունն է: Նա, ինչպես մեզ հայտնի դարձավ, մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններից հետո նշանակվել է գործարար Հրանտ Վարդանյանին պատկանող «Grand sun» ընկերության տնօրեն (նախկին լամպերի գործարան): Տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ ԳՄ կազմում ընդգրկվելու առաջարկ է արվել նախկին պատգամավորներ Լիլիթ Գալստյանին եւ Ռուզան Առաքելյանին: Ըստ նույն աղբյուրների, սակայն, նրանք նեղացած են ՀՅԴ ղեկավար կազմից: Հիշեցնենք, ԱԺ վերջին ընտրություններում Լիլիթ Գալստյանը հայտնվել էր դաշնակցության համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականում, իսկ Ռուզան Առաքելյանը` 11-րդ: Նորընտիր ԳՄ կազմում ընդգրկվելու մերժումը, սակայն, նրանք բավական բարեկիրթ են ձեւակերպել, Արա Նռանյանը` նույնպես:

ՀՅԴ Գերագույն ժողովի օրակարգային հարցերից մեկն էլ նախագահական, ՏԻՄ եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության ընդհանուր սկզբունքների հարցն էր: Այս հարցում, ինչպես տեղեկացրել ենք, տեսակետները տարբեր են. ՀՅԴ մի թեւն այն կարծիքին է, որ դաշնակցությունը նախագահական ընտրություններում պետք է հանդես գա սեփական թեկնածուով, մի թեւը կարծում է, որ սխալ է թեկնածու առաջադրելը, մի թեւն էլ Ռոբերտ Քոչարյանի վերադարձն է փափագում: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն որոշել է նախագահի թեկնածուի հարցին անդրադառնալ ավելի ուշ` ՀՅԴ Բյուրոյի մակարդակով: Այսինքն, այս մասով որոշում չի կայացվել:  

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ներսում եղած հակասություններին եւ դժգոհություններին, որոնք կուսակցության ղեկավար մարմնի որոշ անդամներ կտրականապես հերքում են, ոմանք էլ, մասնավորապես ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, խոստովանում, դրանք ամենեւին էլ չեն հարթվել: «Մենք կենդանի օրգանիզմ ենք, եւ ընտրություններն ավարտվել են, որտեղ, մեղմ ասած, մենք փայլուն արդյունք չենք ունեցել: Եւ շատ բնական է, որ կուսակցության մեջ կլինեն դժգոհություններ, մտահոգություններ, տարբեր կարծիքներ»,- ասել էր Մարգարյանը «Ազատություն» ռ-կ-ին: Նկատենք ընդամենը, որ այդ դժգոհություններն այնքան մեծ են, որ, ըստ հավաստի տեղեկությունների, սփյուռքի դաշնակցականները կրճատել են դաշնակցության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների ֆինանսավորումը: Հասկանալի է, որ դրանց փակումը ՀՅԴ-ն թույլ չի տա, բայց դա էլ ՀՅԴ հայաստանյան կառույցին պատժելու մի ձեւ է: 

Այսօր ՀՅԴ նորընտիր ԳՄ-ի նորընտիր ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը մամուլի ասուլիս է տալու, որտեղ էլ կհրապարակի ՀՅԴ ԳՄ կազմը եւ կպատասխանի լրագրողների հարցերին: Մինչ այդ, կուսակցության ԳԺ-ից հետո ՀՅԴ-ն երեկ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Գերագույն ժողովը վերահաստատում է երկրում ամբողջական իշխանափոխություն իրականացնելու` գործող իշխանությունների հեռացման եւ վերջիններիս սպասարկող առկա արատավոր համակարգի վերացման քաղաքական ուղեգիծը: ՀՅ Դաշնակցության ընդդիմադիր գործելաոճը արտահայտվելու է բոլոր բնագավառներում: Անաչառ քննադատության հետ մեկտեղ, Դաշնակցությունը հանդես կգա այլընտրանքային ծրագրեր ու լուծումներ ներկայացնող քաղաքական ուժի հանգամանքով»:

Լուսինե Բարսեղյան

Категория: Քաղաքականություն | Просмотров: 256 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0