Շաբաթ, 21.09.2024, 05:43
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 7 » Նախընտրական նվերները ռուսներին
18:46
Նախընտրական նվերները ռուսներին


Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ նախագահական ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները ռուսներին ինչ-որ բան են «նվիրում», իսկ այդ նվերը, որպես կանոն, լինում է ՀՀ ռազմավարական ոլորտներից մեկը: Արդյունքում, կարծես, հասել ենք վերջնագծին, քանի որ Հայաստանում մնացել է մեկ ռազմավարական ոլորտ` ավիացիան, որը դեռ ռուսներինը չէ: Սակայն, շրջող լուրերը հուշում են, որ առաջիկայում այս ոլորտը եւս ամբողջությամբ կանցնի ռուսների տիրապետման տակ:

Եւ այսպես, ինչ են տվել ՀՀ իշխանությունները վերջին 14 տարիներին անցկացված ընտրություններից առաջ: 1998-ի արտահերթ նախագահական ընտրություններից առաջ, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս ՀՀ վարչապետի պաշտոնին էր եւ նոր-նոր պատրաստվում էր պալատական հեղաշրջմամբ իշխանությունը վերցնել, նրա առաջին «նվերը» ռուսներին եղավ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 55 տոկոսը (1997-ին «Հայգազարդ» պետական կոնցեռնը տրոհվեց «Հայգազարդ», «Հայտրանսգազ» եւ «Հայգազ» պետական ձեռնարկությունների, որոնց հենքի վրա 1997-ի աշնանը ձեւավորվեց «Հայռուսգազարդը», որի բաժնետոմսերի 45 տոկոսը տրվեց ՌԴ «Գազպրոմ» ընկերությանը, 10 տոկոսը` ռուսական «Իտերա» ընկերությանը, 45 տոկոսն էլ մնաց ՀՀ կառավարության սեփականությունը:

2003-ի նախագահական ընտրություններից առաջ ռուսներին «նվերների» մի ամբողջ փաթեթ է տրվել: Նախ, կնքվել է «Գույք` պարտքի դիմաց» գործարքը, որի էությունն այն էր, որ 100 միլիոն դոլար պարտքի դիմաց ՀՀ-ի միանգամից 5 ձեռնարկություն տրվեց ռուսական կողմին: Դրանք էին` Հրազդանի ՋԷԿ-ը, «Մարս» գործարանը, Երեւանի նյութաբանության, Երեւանի մաթեմատիկական մեքենաների, Երեւանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտները: Այն ժամանակ փորձագետները նշում էին, որ թվարկված ընկերությունները ռուսական կողմին տրվել են իրենց իրական արժեքից մոտ 10 անգամ էժան: 2002-ին ռուսներին տրված հաջորդ խոշոր «նվերը» եղել է ՀՀ միասնական բաշխիչ էլեկտրական ցանցերը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը ռուսներին վաճառելու գործարքի կնքման ժամանակ միջնորդի դերը ստանձնել էր գործարար Հարություն Փամբուկյանը. դրանից հետո նա տեղ զբաղեցրեց ՀՀ իշխանական վերնախավում: 2002-ին վերակազմավորվեց «Հայկական ավիաուղիները», որի իրավունքները եւ քիչ թե շատ արժեք ներկայացնող գույքը տրվեց «Արմավիա» ավիաընկերությանը, որն էլ իր հերթին տրվեց ռուսներին` ի դեմս «Սիբիր» ավիաընկերության: Սակայն, այդ ժամանակ այս ոլորտում շահույթը շատ քիչ էր, եւ ռուսները 2005-ին «Արմավիայի» իրենց բաժնեմասը վաճառեցին հայաստանցի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովին: 2003-ին ռուսներին տրվեց նաեւ Սեւան-Հրազդան կասկադը` որպես Մեծամորի ատոմակայանին մատակարարված միջուկային վառելիքի դիմաց գոյացած 25 միլիոն դոլար պարտքի մարում:

2008-ի նախագահական ընտրություններից առաջ եւս ՀՀ իշխանությունները բավական առատաձեռն գտնվեցին: Նախ, ՀՀ-ին մատակարարված գազի դիմաց 2006-ին ռուսներին տրվեց Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, որն ընդգրկվեց «Հայռուսգազարդի» հաշվեկշռում: Մինչ այս, դեռեւս 2005-ի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշել էր, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը պետք է իրականացնի իրանական MAP ընկերությունը: Սակայն, 5-րդ էներգաբլոկը ռուսներին տալուց հետո, իրանական ընկերության մասին մոռացան: 5-րդ բլոկը ռուսներին տալու եւ «Հայռուսգազարդի» հաշվեկշռում գրանցելու ու էլի մի քանի այլ մեքենայություններից հետո` մինչեւ 2008-ի նախագահական ընտրությունները «Հայռուսգազարդում» Հայաստանի ունեցած 45 տոկոս բաժնեմասը աստիճանաբար նվազեցվեց եւ դարձավ 20 տոկոս: Այսինքն, կարելի է ասել, որ ՀՀ ղեկավարությունը 2008-ի նախագահական ընտրություններին ընդառաջ` ռուսներին տվեցին նաեւ «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 25 տոկոսը:

2006-ի նոյեմբերին ռուսներին վաճառվեց «ԱրմենՏել» ընկերությունը, իսկ 2007-ի սեպտեմբերին` նաեւ «Վիվասելի» սեփականատեր «Ղ-Տելեկոմ» ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը: Ուշագրավ է այն փաստը, որ երբ 2007-ի հուլիսին լուր տարածվեց, որ ռուսները ցանկանում են գնել «Վիվասելը», այդ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ իրենց ընկերության բաժնետոմսերը չեն վաճառվում: Սակայն, նրանց դիմադրության ներուժը ընդամենը երկու ամիս բավականացրեց:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած վերջին երեք նախագահական ընտրություններից առաջ ռուսական կողմին են տրվել Հայաստանի ռազմավարական բոլոր ոլորտները` գազ, էներգետիկա եւ կապ: Հերթը ավիացիայինն է, որը մեկ անգամ արդեն ռուսները վերցրել եւ ետ են տվել: Իհարկե, «Արմավիան» հայտարարեց, թե իրենց ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը չի պատրաստվում իր բաժնետոմսերը վաճառել: Բայց դե` ժամանակին էլ Ռալֆ Յիրիկյանն էր ասում, թե «Վիվասելի» բաժնետոմսերը չեն վաճառվում, բայց կյանքն այլ բան ցույց տվեց:

Վահագն Հովակիմյան

Категория: Քաղաքականություն | Просмотров: 282 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0