Շաբաթ, 21.09.2024, 06:12
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Հուլիս 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Հուլիս » 10 » Նեմեցը անջատել էր լույսերը
18:33
Նեմեցը անջատել էր լույսերը


Հուլիսի 8-ին «Հարսնաքար» ռեստորանի մոտ տեղի ունեցավ հունիսի 17-ին այնտեղ դաժան ծեծի ենթարկված, հունիսի 29-ին գիտակցության չգալով մահացած Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հերթական բողոքի ցույց-մոմավառությունը. ոստիկանների մասնակցությունը թե՛ թվի, թե «ակտիվության» առումով աննախադեպ էր: Ակցիան դեռ չսկսված, ռեստորանը շրջապատել էին մի քանի տասնյակ ոստիկաններ, իսկ ավելի ուշ նրանց թիվը տասնապատկվեց: Այս ամենը վկայում էր ցուցարարների հանդեպ ակնհայտ վախի մասին:

Նախօրեի երեկոյան` հորդառատ անձրեւի դադարից անմիջապես հետո «Հարսնաքարի» մոտակա մայթերին հարյուրավոր մարդիկ հայտնվեցին` ձեռքերին մոմեր բռնած: Նրանց հայտնվելուն պես ոստիկանները միանգամից լարվեցին եւ սկսեցին վիրավորել ցուցարարներին, բղավել, թե որեւէ մեկը չհամարձակվի ռեստորանին մոտենալ: Մինչդեռ ռեստորանին մոտենալ հնարավոր էլ չէր, քանի որ մի քանի մետր շառավղով շրջափակված էր ոստիկանական «պատնեշով»: Առժամանակ ռեստորանի մերձակայքում կանգնելուց եւ մոմերը վառելուց հետո ակցիայի մասնակիցները շարժվեցին փողոցի մայթով` դեպի ռեստորանի գլխավոր մուտք, սակայն այնտեղ եւս ոստիկաններ էին: ...Ակցիայի մասնակիցները որոշեցին դուրս գալ փողոց եւ ակցիան շարունակել այնտեղ: Այս քայլից հետո ոստիկանները խուճապի մատնվեցին: «Հարսնաքարի» ետնամասից, մի քանի վայրկյանների ընթացքում, դեպի փողոց վազեց մի քանի հարյուր ոստիկան` ՊՊԾ ծառայողներ, կարմիրբերետավորներ, վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկաններ ու սկսեցին ետ հրել մոմավառության մասնակիցներին, սակայն ստացան արժանի հակահարված: Մի քանի րոպե շարունակ ոստիկաններին ոչ մի կերպ չէր հաջողվում տեղից շարժել կանանց, երեխաներին, երիտասարդներին ու տղամարդկանց:

Ցուցարարներից թվով ավելի շատ ոստիկանները մի կերպ կարողացան ցուցարարներին տեղից շարժել` մահակներով մարդկանց ոտքերին հարվածելով: Ոստիկանները հայհոյում ու վիրավորում էին, իսկ սրանց հրամանատարներն իրենց ստորադասներին անընդհատ կոպտորեն առաջ էին հրում ու բղավում` առա՛ջ: Հնարավոր չէր չնկատել, որ շարքային ոստիկանները վախեցած էին ու ընկճված, իսկ «օպերացիան» ղեկավարող Ռոբերտ Մելքոնյանը` Բազազը, ցուցարարների ակտիվությունից այնպես էր խառնվել իրար, որ անզորությունից հարձակվում էր լրագրողների վրա եւ քաշքշում նրանց տեսագրող սարքերը: Ի դեպ, ոստիկանական օպերատորները չէին տեսանկարահանում ոստիկանության գործողությունները, տեսախցիկները պահում էին միայն ակցիայի մասնակիցների վրա` այն պահից հետո, երբ ոստիկանները նրանց հարվածում էին, փորձելով որսալ որեւէ ապօրինի քայլ: Ոստիկանների կողմից հետագա սադրանքներից խուսափելու համար ակցիայի մասնակիցները հեռացան մոմավառության համար նախատեսված վայրից ու երթով շարժվեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն: Մինչ նրանք «Նեմեց, հեռացիր», «Նեմեց, մարդասպան» վանկարկումներով քայլում էին Ավանի փողոցներով, մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ սլացան ցուցարարների կողքով` բերնեբերան լցված ոստիկաններով: Մոտենալով Հայրապետյանի տանը` ակցիայի մասնակիցները ականատես եղան մի ծիծաղաշարժ տեսարանի: Մի քանի հարյուր ոստիկաններ կենդանի երկու շղթայով փակել էին Նեմեցի տուն տանող ճանապարհը: Տեսնելով սա, քաղաքացիները սկսեցին վանկարկել «ամոթ», «օլիգարխի ոստիկան», ինչից հետո թիկունքով կանգնեցին դեպի տունը եւ հինգ րոպե լռությամբ հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը: «Մի քանի օր առաջ, երբ Նեմեց Ռուբոն իր թիկնապահների օգնությամբ սպանում էր Վահե Ավետյանին, իրեն հռչակել էր Հայաստանի ամենահամարձակ ու ամենալկտի մարդկանցից մեկը: Հիմա մենք վերադառնում ենք Նեմեց Ռուբոյի տան մոտից ու ուզում ենք ձեզ հայտնել, որ Նեմեց Ռուբոն անջատել էր տան լույսերը, փախել էր ու դարձել ամենավախկոտ մարդը: Այս խիստ ոստիկանական շարքերը Նեմեց Ռուբոյին չեն փրկելու արդարադատությունից»,- երթով դեպի «Հարսնաքար» վերադառնալիս ավանցիներին ասում էին երթի մասնակից երիտասարդները: Բողոքի ակցիան ավարտվեց կեսգիշերին` տխրահռչակ ռեստորանի մոտ: Ոստիկանները հեռացան ակցիայի ամենավերջին մասնակցի հեռանալուց հետո միայն:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից երեկ մեր թղթակիցը հետաքրքրվել է` Հայրապետյա՞նն էր դիմել ոստիկանություն «Հարսնաքարը» «պաշարելու» համար, թե՞ դա ոստիկանության նախաձեռնությունն էր: «Ոչ, նա չի դիմել: Ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի պահպանումը»,- ասել է վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Հաջորդ հարցին, թե մոմավառության դեպքում ի՞նչ հասարակական կարգի խախտման մասին կարող է խոսք լինել, Ահարոնյանը պատասխանել է, թե կարող էր եւ խախտում լինել:

4-1 4-2


Просмотров: 251 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0