12:03 Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում Օբամային ճանաչել ցեղպասպանությունը | |
Ամերիկայի հայկական համագումարը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ելույթ ունենալով ԱՄՆ-ում Հոլոքոստի հուշահամալիրում, կարեւորել է հետագա սերունդներին անմարդկայնության մասին պատմելու եւ ցեղասպանությունները կանխարգելելու անհրաժեշտությունը: Նախագահի խոսքը հայոց ցեղասպանության 97-ամյակի նախօրեին մեզ բոլորիս հիշեցնում է անցյալից օգուտ քաղելու կարեւորության եւ "այլեւս երբեք” բառերին իրական նշանակություն տալու մասին: Նշելով Հոլոքոստի տարելիցը` Ամերիկայի հայկական համագումարը հրեաների կողքին է հիշելու համար զոհերին, պատվելով փրկվածներին եւ վերանվիրվելով ցեղասպանության ընդունմանը, ուսուցմանը եւ կանխարգելմանը, ասել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ներկայացվելով Հոլոքոստը վերապրած Էլի Վիզելի կողմից` Նախագահ Օբաման ընգծեց այն փաստը, որ զանգվածային վայրագությունները եւ ցեղասպանությունները կանխարգելելը ԱՄՆ-ի ազգային անվտանգության կարեւորագույն հարց է եւ բարոյական պատասխանատվություն: ԱՄՆ-ում Հոլոքոստի հուշահամալիրում փորագրված են Ադոլֆ Հիտլերի հետեւյալ բառերը, որոնք նա արտասանել է Լեհաստան ներխուժելուց առաջ. "Ո՞վ է այսքանից հետո հիշում հայերի բնաջնջման մասին”, որպես սարսափելի հիշեցում կանխարգելման եւ միջամտության մասին: Այսօր, հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Նախագահ Օբաման կարեւոր հնարավորություն ունի իրականացնել իր կողմից ստանձնած հանձնառությունը` ճանաչել հայոց ցեղասպանությունը: | |
|