Շաբաթ, 21.09.2024, 05:45
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 11 » Առաջին դեմքերի վերջին հանգրվանը
14:44
Առաջին դեմքերի վերջին հանգրվանը
Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի ապրիլի 11-ի նիստը թերեւս փոքր ինչ անակնկալ զարգացում է ունեցել: Ժառանգության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը առաջարկել է, որ շտաբի մասին համաձայնագիրը ստորագրեն կուսակցությունների առաջին դեմքերը, եւ նաեւ հատուկ հանձնախումբ լինի, որը զբաղվի բարեգործությունների դիտարկմամբ:

Ժառանգության առաջարկը չի ընդունվել: Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը ասել է, թե չի տեսնում առաջին դեմքերի ստորագրության անհրաժեշտությունն ու չի հասկանում դրա նպատակահարմարությունը: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նշել է, որ եթե իրենք այդտեղ են, ուրեմն բնականաբար ենթադրվում է, որ լիազորված են առաջին դեմքերի կողմից:

Այդ փաստարկն իհարկե փոքր ինչ տարօրինակ է, որովհետեւ այդ սկզբունքով, օրինակ, պետությունների միջեւ համաձայնագրերը կարող են կնքվել ցանկացած մակարդակով, ասենք արտգործնախարարության վարչության պետերի, որոնք բնականաբար լիազորված կլինեն նախագահի կամ նախարարի կողմից:

Չորս քաղաքական ուժերն իհարկե պետություն չեն, բայց ստանձնել են պետության համար չափազանց կարեւոր եւ օգտակար մի առաքելություն՝ խորհրդարանի առաջիկա ընտրության օրինականության վերահսկման հարցը: Հետեւաբար, այդ առաքելության հանրային առավելագույն լեգիտիմության եւ պատասխանատվության առավելագույն մակարդակի համար, բնականաբար, տրամաբանական է առաջին դեմքերի ստորագրության հարցը:

Թող չորս կուսակցությունների լիդերները հրապարակավ պատասխանատվություն ստանձնեն շտաբի համար, իսկ հետո արդեն կարող են լիազորել իրենց պատվիրակներին մասնակցել ընթացիկ աշխատանքներին ու քննարկել վերահսկողության մեխանիզմները, մասնակցել դրանց կիրառման գործընթացին:

Ինչու են որոշ կուսակցությունների առաջին դեմքեր հրաժարվում իրենց ստորագրությունից, հրաժարվում միասնական շտաբին այսպես ասած առավելագույն պատասխանատվության հարթության վրա դնելու եւ կարգավիճակը բարձրացնելու հնարավորությունից:

Արդյոք այն պատճառով, որ ի դեմս միասնական շտաբի, նրանք տեսնում են ոչ թե ընտրության օրինականության անվերապահ վերահսկման միջոց, այլ ընդամենը ընտրական գործընթացում կուսակցական հաշվարկների հարթակ: Այդ դեպքում բնական է, որ քաղաքական ուժը կխուսափի առաջին դեմքով պատասխանատվություն ստանձնելուց, որովհետեւ այդ պատասխանատվությունը կնվազեցնի հետագա մանեւրի հնարավորությունը, երբ ասենք որեւէ կուսակցություն շարունակի բարեգործությունն ու ընտրակաշառքը, կամ էլ ավանդույթի համաձայն գործարքի գնա կամ երկխոսության մեջ մտնի իշխանության հետ:

Հատկապես ԲՀԿ պարագայում սա առանցքային հարց է, քանի որ այդ կուսակցությունը, բացի իշխանական լծակներին տիապետելու թվաբանական տարբերությունից, որեւէ այլ էական տարբերություն ՀՀԿ համեմատ թերեւս չունի: Եվ այդ պարագայում էական է, թե ինչ պատասխանատվություն է ստանձնում ԲՀԿ վարքի համար անձամբ Գագիկ Ծառուկյանը:

Մինչդեռ, երբ չկան առաջին դեմքերի ստորագրություններ, միշտ էլ հնարավոր է ասել, որ օրինակ իքս լիազորյալը պահի տակ սեփական կարծիքն է արտահայտել, առանց լիդերի եւ կուսակցության հետ քննարկելու:

Օրինակ, երբ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ կոալիցիան ձեւական է եղել, նրա կուսակցությունը՝ Բարգավաճ Հայաստանը, հայտարարեց, որ նա այդ կարծիքը հայտնել է որպես անհատ քաղաքագետ: Հետեւաբար, ինչ երաշխիք, որ վաղը նույն կերպ չի հայտարարվի, որ Օսկանյանն ասենք իքս դրույթի տակ ստորագրել, կամ շտաբի աշխատանքի վերաբերյալ իքս մեխանիզմին հավանություն է տվել որպես անհատ քաղաքագետ:

Կամ, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հայտարարելով ԲՀԿ հետ գործակցության մասին, նշում էր, թե դա իր, ոչ թե Կոնգրեսի տեսակետն է: Հիմա առավել եւս հարց է առաջանում, թե ում տեսակետն է ներկայացնում Լեւոն Զուրաբյանը, երբ մասնակցում է միասնական շտաբի աշխատանքին, որտեղ առանցքային դերակատարներից է ԲՀԿ-ն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական տեսակե՞տը, թե Կոնգրեսի պաշտոնական տեսակետը:

Այդ ամենն ակնհայտորեն մանեւրի մեծ դաշտ է բացում քաղաքական ուժերի համար, հետեւաբար Ժառանգության առաջարկը միանգամայն տրամաբանական է եւ բխում է կարեւորագույն այդ առաքելության տրամաբանությունից, ու նաեւ նպաստում, որպեսզի այդ շտաբի աշխատանքը լրացվի բավական ծանրակշիռ երաշխիքներով՝ առաջին դեմքերի ստորագրությամբ, որպեսզի հետո արդեն հնարավոր չլինի պատասխանատվությունը հեշտությամբ փոշիացնել:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 281 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0