Շաբաթ, 21.09.2024, 06:08
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 3 » Մաշտոցի պուրակում նոր կյանք, նոր ծնունդ
11:08
Մաշտոցի պուրակում նոր կյանք, նոր ծնունդ
Թատերագետ, այս օրերին ընթացող «Թատրոն-X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը Մաշտոցի պուրակ էր եկել` իր աջակցությունը հայտնելու ապամոնտաժող բրիգադին և ինքնորոշված քաղաքացիներին:

Պարոն Խզմալյան, ի՞նչ է պուրակը Ձեզ համար և արդյոք հնարավո՞ր է ապամոնտաժող բրիգադում նաև Ձեզ տեսնել հաջորդ օրերի ընթացքում:

Մաշտոցի պուրակն այսօր շատ խորհրդանշական վիճակում է, քանի որ գտնվում է ծննդատան կողքին` նոր կյանք, նոր ծնունդ, ճակատագիր, պատասխանատվություն… Իրականում երկու սիմվոլ համընկել են իրար` ֆիզիկական ծնունդը և քաղաքացիական միջավայրի ծնունդը: Սրանք հրաշալի բաներ են, ինձ համար մեծագույն ձեռքբերում, և կարծում եմ` յուրաքանչյուր ողջամիտ քաղաքական այր միայն պետք է ողջունի այս շարժումը: Ես չեմ ուզում, որ այս շարժումը վերածվի իշխանություն-ընդդիմություն շարժման, որտեղ գործում են կոնկրետ շահեր: Այսինքն` սա զտված մոդել է, չենք ասում իշխանափոխություն, չենք ասում` դեմ ենք նախագահին, մենք ասում ենք օրենքի տառի պահպանություն: Սա ամենակարևոր քայլն է, և այսօրվա մռայլության մեջ լավատեսության նոտան:

Ըստ Ձեզ` քաղաքացիական հասարակության ձևավորման, ինքնորոշվա՞ծ քաղաքացու սկիզբն է այսօր դրվում Մաշտոցի պուրակում:

«Թատրոն X»-ը մենք հիմնադրեցինք մեկ նպատակով, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա իր կարծիքն արտահայտելու այս կամ այն իրողության հանդեպ: «Թատրոն –X»-ը բանավեճի, քննարկումների հրապարակն է և կարգախոսն է` մշակութային միասնություն, բանավեճի փառատոն: Իսկ Մաշտոցի պուրակում իրականում ամենաքաղաքացիական, քաղաքակիրթ բանավեճն է իշխանական որևէ օղակի հանդեպ: Սա շատ առողջ և ճիշտ մոտեցում է: Այսօր այն, ինչ արվում է Մաշտոցի պուրակում, ուղղված է իշխանության շահերին, և իշխանությունները պետք է ի վիճակի լինեն սա հասկանան:

Մի կողմից չեն ապամոնտաժում և ընդունում են` սա հանրային տարածք է, մյուս կողմից ասում են, որ ընդամենը 3 տարի են բուտիկները մնալու:

Գաղտնիք չէ, որ կյանքը շատ ավելի բարդ է, քան մենք ենք պատկերացնում: Կոնկրետ շահերի բախումներ կան: Ես մի քանի անգամ շփվել եմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, զուտ էներգետիկ մակարդակում ինձ վրա լավ տպավորություն է թողել: Տղամարդկային ինչ-որ ազնիվ և անմիջական բան կա նրա մեջ, որ իմ համակրանքը շարժում է: Ամեն դեպքում, եթե այստեղ հավաքվածներն ասում են, որ օրենքը խախտվում է, երկրում օրենքից վեր որևէ մեկը, որևէ անձնական հարաբերություն, համակրանք չպետք է աշխատի: Այն բոլորից, ամեն ինչից վեր է:

Հնարավո՞ր է, որ հաջորդ բրիգադին էլ Դուք միանաք:

Ես չեմ պատրաստվում իմ հայրենիքը լքել: Ես երազում եմ, որ իմ երեխան ապրի այս երկրում և չունենա այն խնդիրները, որ այսօր մենք ունենք: Եվ եթե իմ ներկայությունը այստեղ նպաստելու է 0,1 տոկոսով այդ երազանքի իրականացմանը, ես պատրաստ եմ:

Նախընտրական պրոցեսներ են: Մենք գիտենք, որ մշակույթի գործիչները, արվեստագետները մեկ անգամ չէ, որ իրենց մատուցում են իշխանություններին, հանդես են գալիս ելույթներով: Ձեզ հասցրե՞լ են առաջարկել, փորձել ինչ -որ ձևով ներգրավել իրենց կողմը:

Ես ապրում եմ այս երկրում տիրոջ իրավունքով և տիրոջ հոգեբանությամբ: Յուրաքանչյուր նախարար, յուրաքանչյուր իշխանավոր ժամանակավոր երևույթ է: Ես ապրում եմ այդ մտայնությամբ, որ ինձ միշտ հարցնելու են և որ ես եմ միշտ պատասխանատու լինելու այն ամենի համար, ինչ կատարվում է: Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում այս մոտեցումը գերակշիռ է դառնալու: Վերևում` ադմինիստրատիվ օղակներում հայտնված յուրաքանչյուր մարդ ժամանակավոր է: Մեկը լավ կաշխատի, մյուսը`վատ, բայց տերը և պատասխանատուն մենք ենք և այս հոգեբանությամբ պետք է տեր կանգնենք մեր երկրին: Ես էլի եմ խնդրում, որ թույլ չտանք, որ որևէ մեկը սա ծառայեցնի իր քաղաքական շահերին: Մենք քաղաքական հակակրանքի և համակրանքի մասին չենք խոսում, մենք խոսում ենք օրենքի մասին, ինչը ամենակարևորն է: Եվ ես համակրում եմ այս շարժումը, և հենց շարժման մասնակիցները սա չեն փորձում վերածել քաղաքական ակցիայի, սա քաղաքացիական դիրքորոշում է, իսկ դրանք էապես տարբեր բաներ են:

Հնարավո՞ր է «Թատրոն X»-ը գա պուրակ:

Ես ձեր առաջարկը վարչությանը կներկայացնեմ, ես միահեծան ղեկավար չեմ: Սա շատ առողջ հուսադրող ակցիա է, սա իշխանափոխության պահանջ չէ, հակաիշխանական լոզունգներով հանդես չեն գալիս, շատ կոնկրետ տարածքի շուրջ ենք խոսում և օրենքի դիրքերից, ուրեմն բոլորս ենք ձեզ հետ:

Հնարավո՞ր է` սա ապամոնտաժելու դեպքում օրենքը սկսի գործել և երկրում համակարգային փոփոխություն տեղի ունենա:

Ցավոք սրտի, ոչ սովորական քաղաքացիները, ոչ էլ իշխավորները չեն պատկերացնում ակցիաների կարևորությունը, որ եթե մենք ուժ ունենք և ուժ ենք ձևավորում արտաքին մարտահրավերների դեմ պայքարելու, ինքներս մեզ շտկելու, ինքներս մեզ ճանաչելու, այսպիսի պրոցեսներն ուղղակի անհրաժեշտություն են և բխում են յուրաքանչյուր իշխանության շահերից, և ես շատ կուզենայի այստեղ վարչապետին ձեր ձեռքը սեղմելիս և շնորհակալություն հայտնելիս տեսնեի: Քաղաքացիական միջավայրն այնպիսի միջավայր է, որ այստեղ պաշտոններն էական դեր չեն խաղում: Պաշտոնյան ինքը պետք է լինի քաղաքացիական մթնոլորտի կարևորագույն մասը: Վարչապետը, նախագահը կամ մեկ այլ պաշտոնյան այստեղ հայտնվելով` մթնոլորտը կփոխեր, կիմաստավորեր այս շարժումը: Սա շատ կարևոր է, և ես ուզում եմ վերևում նստած մարդիկ սա հասկանան:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 228 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0