Շաբաթ, 21.09.2024, 05:32
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 25 » Թիվ-7-ում առաջադրվել եմ բեսպրեդելի դեմ պայքարելու համար Նիկոլ Փաշինյան
12:10
Թիվ-7-ում առաջադրվել եմ բեսպրեդելի դեմ պայքարելու համար Նիկոլ Փաշինյան
''Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը մտքումս ծագեց Շերամի փողոցի շենքերից մեկի բակում, երբ շենքի մուտքի մոտ զրուցում էի մի քանի բնակիչների հետ: Որպեսզի ընթերցողն ամեն ինչ հասկանա, իրավիճակը պետք է նկարագրեմ առանց մեղմասացությունների'',- իր կայքում գրել է Նիկոլ Փաշինյանը: ''Հինգ վեց հոգի էին կանգնած, 50-ից 70 տարեկան մարդիկ, հիմնականում` անատամ, ու գրեթե ցնցոտիավոր (հանդիպումը պլանավորված չէր` ահազանգով էի գնացել այդ բակ, քանի որ լուր եկավ, թե այդ բակում իմ վստահված անձանցից մեկին խոչընդոտել են): Ու մեկ էլ հանկարծ ճռռալով մի մեքենա կանգնեց, դրանից իջավ հաստ ցեփը վզին մեկը ու ինձ լսող մարդկանց վրա սկսեց գոռալ. ''Հըլը տուն մտեք սաղդ, արա սաղդ հըլը տուն մտեք'':
Անատամ ու ցնցոտիավոր մարդիկ արագ քաշվեցին պադյեզդները, ես չհասցրի նույնիսկ որևէ կերպ արձագանքել, որովհետև մինչ մարդիկ քաշվում էին տները, գոռացողը քայլելով հեռացել էր արդեն, ու մի երկուհարյուր մետրից հետևում էր իրավիճակին: Այսպես ծնվեց Լֆիկական Օսվենցիմ արտահայտությունը, հետո ամրապնդվեց, երբ Անկախ Մայլա թաղամասում մարդիկ ինձ համոզում էին, որ Սամվել Ալեքսանյանը դրախտի նման բարեկարգ է պահում թաղամասը, չնայած հենց նոր էինք թաղամաս մտել մեկուկես, երկու, երեք մետրանոց փոսերի արգելքը հազիվ հաղթահարած: Ես այստեղ էլ հիշեցի քրեակատարողական հիմնարկը, որի կալանավորները դրսից այցելած դիտորդներին հավաստիացնում էին, թե իրենք ոչ մի պրոբլեմ չունեն, ամեն ինչ լավ է, չնայած իրականում ոչ կարգին սնունդ են ստանում, ոչ կարգին հագուստ, ոչ կարգին բուժօգնություն: Բայց միշտ` բոլոր դիտորդներին, հանձնաժողովներին պատմում էին, որ երջանիկ են զգում քրեակատարողական հիմնարկում:
Լֆիկական Օսվենցիմն իրականություն է, և բոլոր նրանց, ովքեր դժգոհ են նման արտահայտությունից ուզում եմ ասել. Օսվենցիմը միանգամից չի ստեղծվել. սկզբից մարդկանց ստիպել են իրենց վրա հատուկ նշան կրել, հետո թաղամասերը դարձել են գետտո, հետո արդեն մարդկանց տեղափոխել են համակենտրոնացման ճամբարներ: 21-րդ դարում ենք ապրում, և այս պատճառով Լֆիկական Օսվենցիմում մարդիկ համակենտրոնացման ճամբարներ չեն տեղափոխվում, այլ համակենտրոնացման ճամբարներն են տեղափոխվում մարդկանց տներ: Նրանք, ովքեր պիտի ասեն այդպես չէ, պիտի նաև ասեն, թե ուրիշ որտեղ, բացի համակենտրոնացման ճամբարից, հասուն մարդու վրա կարող են գոռալ. ''Հըլը տուն մտիր'', ու այդ մարդը կատարի հրահանգը, որովհետ անատամ է, ցնցոտիավոր ու անպաշտպան: Էդպես ''Կոշում'' էին վերակացուները կալանավորների վրա գոռում, երբ քնելու ժամը հայտարարված էր, բայց դեռ կային մարդիկ, որ հանրակացարանի մուտքերի առաջ կախ էին գցում ոտները:
Միայն քրեակատարողական հիմնարկում էր, որ իմ դեմ հարձակում էին իրագործում, հետո թաքուն մոտենում ներողություն խնդրում, բացատրելով, որ եթե չկատարեն հրահանգն` իրենց համար շատ վատ կլինի: Մալաթիայի հայտնի միջադեպերի մի քանի մասնակիցներ արդեն մոտեցել են ինձ (երկու հոգի Ազատության հրապարակում), ներողություն խնդրել և հավաստիացրել, որ ինձ են ընտրելու, բայց եթե նորից գնամ իրենց բակ, նորից ստիպված են լինելու իջնել, եթե, իհարկե, հրահանգ լինի:
Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ Մալաթիա-Սեբաստիայի իմ քարոզարշավի միջադեպերի մասին պատմող տեսանյութերը տասնյակ հազարավոր դիտումներ ունեն yօutube-ում: Ոմանք կարծում են, թե պատճառը տեսանյութերի սկանդալային բնույթն է: Ոչ, ամենևին. կարդացեք հազարն անցնող մեկնաբանությունները, այդ տեսանյութերում մարդիկ տեսնում են ուրիշ Հայաստան, որի գոյության մասին չէին կռահում նույնիսկ: Մարդիկ սարսափած են, որ տեսանյութում պատկերված է այն երկիրը, որտեղ ապրում են իրենց երեխաները: Մարդիկ զարմացած են Լֆիկական Օսվենցիմի ագրեսիվության վրա, որովհետ հասկանում են, որ այդ Օսվենցիմը չի շրջանցելու ոչ մի տուն, ոչ մի բակ: Քանի դեռ չի ջախջախվել այդ Օսվենցիմը, այն ընդլայնելու է ինքն իրեն:
Տարիներ առաջ ասում էի, որ քանի դեռ կենդանի է բեսպրեդելը, այն գալու է բոլորի ետևից: Այսօր մարդիկ դա տեսնում են փաստացի և թիվ 7-ում առաջադրվել եմ բեսպրեդելի դեմ պայքարելու համար, ու այդ պայքարը ստացվում է, որովհետև այն դարձել է շատ կոնկրետ, որովհետ, երբ ասում ես պայքար ազատության համար, մի տեսակ լղոզված է, հիմա գիտեմ, թե ում ազատության համար եմ պայքարում. առաջին հերթին այն մարդկանց, ովքեր ստիպված են աշխատանքն ու փշրանքը չկորցնելու համար Լֆիկին հավասարեցնել Պողոս առաքյալին: Այսպես կարող է լինել միայն Օսվենցիմում, և թևիցս քաշքշող կնոջ ազատության համար եմ պայքարում, որ նա չնվաստանա լֆիկիզմի աստիճան, ազատ լինի այդ պարտավորությունից:
Թիվ 7 ընտրատարածքում իմ ակնկալածն, իհարկե, Լֆիկական Օսվենցիմի ազատագրումն է: Թիվ 7 ընտրատարածքում իմ ակնկալածն, իհարկե, ապստամբությունն է: Ապստամբություն ընդդեմ Լֆիկասերժիկական ռեժիմի: Ապստամբություն, որ տեղի է ունենալու ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ ընտրական տեղամասերում, և տևելու է ընդամենը 30 վայրկյան: Թիվ 7 ընտրատարածքում իմ ակնկալածն այնպիսի պատգամավորի (իշխանավորի) ընտրությունն է, ով ի վիճակի կլինի կանգնել ժողովրդի մեջ, ու անհրաժեշտության դեպքում նրանից ստանալ ընդհուպ մինչև թուքումուր, հայհոյանք, լսել ու հասկանալ, որ ոչ մի ողբերգություն տեղի չի ունեցել և որևէ մեկին անզգույշ քաշքշելու անհրաժեշտություն չկա: Հպարտ եմ, որ ցույց տվեցի, որ կարող եմ լինել այդպիսին:
Մտադիր եմ ազատագրել Լֆիկական Օսվենցիմը, Սերժիկական Օսվենցիմը, մնացած հայտնի և անհայտ հայաստանյան օսվենցիմները, որովհետև երդվել եմ, որ իմ կյանքը դրված է Հանուն ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Մտադիր եմ ազատագրել Լֆիկական Օսվենցիմը, և հույս ունեմ ազատագրական պայքարում ստանալ բոլոր այն մարդկանց աջակցությունը, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ապրեն http://www.youtube.com/watch?v=qCTeC6OfeWs տեսանյութում պատկերված երկրում'',- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 199 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0