Շաբաթ, 21.09.2024, 05:40
Приветствую Вас Гость | RSS
Գլխավոր մենյու
Օրացույց
«  Ապրիլ 2012  »
երկերքչորհնգուրբշբկիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Վիճակագրություն

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտվողներ: 0

Главная » 2012 » Ապրիլ » 23 » Ընդդիմության մեծ ձեռքբերումը
12:11
Ընդդիմության մեծ ձեռքբերումը
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը օրեր առաջ Երևանում ներկայացրել է իրենց ուսումնասիրությունների տվյալները, սոցիոլոգիական հարցման տեսքով, և արել բավական ուշագրավ մի հայտարարություն, այդ տվյալների վերաբերյալ մեկնաբանությունների շարքում: Ֆյոդորովը նշել է, որ ԲՀԿ-ն հավաքում է ձայներ, իսկ Կոնգրեսը կորցնում, և դա նաև այն բանի շնորհիվ, որ Կոնգրեսը չի քննադատում ԲՀԿ-ին: Ինչ վերաբերում է հրապարակված սոցիոլոգիական հարցումներին, ապա այստեղ, իհարկե, թվերն էական չեն, քանի որ այդ հարցումների արժանահավատությունը, մեղմ ասած, կասկածելի է: Էականն այստեղ այն մեսիջներն են, որ թաքնված են մեկնաբանությունների տակ և մասնավորապես Կոնգրես-ԲՀԿ հարաբերակցության մասով: Ֆյոդորովը փաստորեն ասել է, որ ԲՀԿ պատճառով Կոնգրեսը ձայներ է կորցնում և կարող է չանցնել խորհրդարան:

Սա էական հայտարարություն է, քանի որ ըստ էության դրա մեսիջն այն է, որ Կոնգրեսը եթե խորհրդարան անցնի, ապա դա տեղի ունեցած կլինի հիմնականում ԲՀԿ շնորհիվ: Այսինքն` Բարգավաճ Հայաստանն է Կոնգրեսին անցկացնելու խորհրդարան, ինչը նշանակում է, որ Կոնգրեսին խորհրդարան անցկացնելու են ԲՀԿ-ՀՀԿ պայմանավորվածության շրջանակում, այլապես ԲՀԿ-ն բնականաբար միայնակ չէր կարող լուծել Կոնգրեսի հարցը, քանի որ Բարգավաճ Հայաստանը հազիվ թերևս իր հարցը լուծի ամբողջությամբ: Ռուսաստանցի սոցիոլոգի մեսիջը ամենևին զարմանալի չէ, հակառակ պարագայում պետք է համարենք, որ Հայաստանի հասարակությունն է անգրագետ, կիսագրագետ կամ հիմար:

Բանն այն է, որ երբ հիմնական ընդդիմադիր ուժ հռչակված և ավազակապետության կազմաքանդման կոչ անող ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու նրա առաջնորդին դնում է ավազակապետությունից դուրս, հասարակության մոտ այդ իրողությունը, մեղմ ասած, աննկատ չի անցնում, և մարդիկ հարցեր են ունենում, թե այդ ինչպես ստացվեց, որ Գագիկ Ծառուկյանը, որը համարվում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության թիվ մեկ օլիգարխը, այսօր հանկարծ դուրս է դրվում իշխող համակարգից: Մարդիկ մտածում են դրա վերաբերյալ ու գալիս եզրակացության, որ կամ Հայ ազգային կոնգրեսը ընդհանրապես կորցրել է իրականության զգացումն ու ընկել այնպիսի ինտրիգային հաշվարկների գիրկը, որից ինքն էլ արդեն չի կարողանում գլուխ հանել, կամ էլ առկա են ստվերային պայմանավորվածություններ Բարգավաճ Հայաստանի հետ: Եվ այստեղ արդեն այլ հարցեր են առաջանում մարդկանց մոտ, մասնավորապես այն մասով, թե միթե Գագիկ Ծառուկյանը հանկարծ կդավաճանի Ռոբերտ Քոչարյանին և կգնա Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու: Դրանից հետո մարդկանց մոտ էլի հարցեր են առաջանում, թե իսկ ինչ է լինելու Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության կանչելու կոնգրեսական խոստման ճակատագիրը: 

Մի՞թե Ծառուկյանը նման խոստումներ տվող ուժին կօգնի գալ իշխանության, եթե գիտե, որ իր մերձավոր Ռոբերտ Քոչարյանի համար դա հղի է քրեական պատասխանատվությամբ, ինչպես հայտարարում է Կոնգրեսը: Քաղաքացին փորձում է գլուխ հանել այդ հարցերից ու հասկանում, որ իրականում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ոչ մի կապ չունեն իր հիմնախնդիրների հետ և այդ հիմնախնդիրները ընդամենը ստվերային պրոցեսները քողարկելուն ծառայող հայտարարություններ են, որ պարբերաբար հնչում են հանրահավաքների ժամանակ և ասուլիսների ընթացքում, սակայն որևէ առնչություն չունեն իրականության հետ:

Ահա այս պայմաններում ամենևին զարմանալի չէ, որ Կոնգրեսի վարկանիշը կարող է մի քանի անգամ զիջել Բարգավաճ Հայաստանի վարկանիշին, որովհետև ի տարբերություն Կոնգրեսի, Բարգավաճ Հայաստանը Սահմանադրական կարգի հաստատման մասին ոչ խոսել է, ոչ խոսում է ու թերևս` ոչ էլ կխոսի, ոչ էլ կհայտարարի ավազակապետությունը կազմաքանդելու մասին, այլ փող կբաժանի, ընտրակաշառք կբաժանի, ու այդ ամենի և բարեգործությունների միջոցով ձևավորված ծառուկյանական խարիզմայի շնորհիվ կկարողանա ապահովել բավարար ձայներ ՀՀԿ ընտրակեղծիքների դեմ մրցակցելու համար: Իսկ Հայ ազգային կոնգրեսը լավագույն դեպքում կարող է դառնալ ԲՀԿ-ի, այսպես ասած, ինֆորմացիոն հովանավորը` դրա դիմաց, իհարկե, ակնկալելով, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հետ իր խորհրդարանական հարցերը լուծելու համար մի փոքր էլ բարեխոսի Կոնգրեսի մանդատների համար:

Այդ սցենարը իշխանությունն, ըստ էության, արդեն ակնհայտորեն սկսել է մատուցել տարբեր առիթներով: Ռուսաստանցի սոցիոլոգների մեսիջը ցուցանում է հենց այդ զարգացումը: Բնականաբար այդ դասավորությունը շահեկան է Սերժ Սարգսյանի համար, որովհետև ինչքան շատ ձայն հավաքի ԲՀԿ-ն, այնքան, ըստ էության, Սերժ Սարգսյանի համար է շահավետ, որովհետև ԲՀԿ հետ նա շատ ավելի հեշտությամբ կպայմանավորվի՝ շատ են թե՛ Ծառուկյանին, թե՛ առավել ևս Քոչարյանին իր հետ կապող թելերը և ի վերջո կողմերը կգան փոխզիջումային մի տարբերակի: Անգամ այդպիսի տարբերակի չգալու դեպքում, հաղթողը լինելու է կամ Սերժ Սարգսյանը, կամ Ռոբերտ Քոչարյանը, ոչ թե Հայ ազգային կոնգրեսը, քանի որ Կոնգրեսը տրվելով Քոչարյան-Սարգսյան խաղին` ըստ էության սկսեց կորցնել իր հանրային ներուժը: Ինչ խոսք, ներիշխանական հակասությունները պետք էր օգտագործել, ընդ որում` բավական վաղուց, բայց խնդիրը այստեղ հենց այն է, որ պետք էր օգտագործել այդ հակասությունները, ոչ թե օգտագործվել այդ հակասությունների կողմից: Այստեղ է գլխավոր խնդիրներից մեկը, ու այն ոչ մի կերպ չի լուծվում, որքան էլ որ Կոնգրեսը այդ մասին ահազանգերը որակի որպես իշխանության համար օգտագործվող քարոզչություն:

Բանն այն է, որ այդ ամենից առաջ կամ հետո, պետք է ներկայացնել փաստարկներ, որոնք հանրությանը ցույց կտան այն ճանապարհը, թե ինչպես է Կոնգրեսը պատրաստվում հաջողության հասնել ներիշխանական հակասությունների վրա, և եթե Կոնգրեսը ապավինում է հասարակական քվեին, ապա էլ ինչի համար է պետք ընդհանրապես ԲՀԿ հետ սիրախաղը, առավել ևս, եթե Բարգավաճ Հայաստանը չի թաքցնում, որ պահելու է միայն իր ձայները, դե իսկ Կոնգրեսի ձայները կպահի այնքանով, որքանով որ երևի թե պետք լինի իրեն: Դա իսկապես կարելի է համարել ընդդիմության մեծ ձեռքբերումը, որովհետև ԲՀԿ հովանավորությունը ձեռք բերելը իսկապես նշանակալից հաջողություն է:
Категория: Քաղաքականություն | Просмотров: 233 | Добавил: Lilit | Рейтинг: 0.0/0